Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փեզեշքիանը Երևանում ակնարկեց, որ չի հավատում Փաշինյանի խոսքին, իսկ «դուզ խոսքն էշին են ասում»

Blog Image

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ոգևորված շեշտի, որ «Թրամփի ուղին» բացի Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից ու ԱՄՆ-ից օգուտներ է խոստանում նաև Ռուսաստանին ու Իրանին, Փեզեշքիանի հայտարարությունը Երևանում ցույց տվեց, որ այդ ուղուց Իրանը ոչ միայն չի տեսնում Փաշինյանի ասած օգուտները, այլև հակառակը, այն առաջացնում է նոր մտահոգություններ։

Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին արտաքին հարաբերությունները թվում են մոտավորապես ՔՊ նիստի պես, որտեղ նրա բոլոր ասածները ընդունվելու են միաձայն ու բոլորը հիացական բացականչություններ են անելու ու տիրաժավորելու «Խաղաղության խաչմերուկ» մտավարժանքը։

Նիկոլ Փաշինյանը նաև լռությունն է թյուրիմացաբար ընդունում որպես համաձայնության նշան, այնինչ լռությամբ կարող են համաձայնություն հայտնել միան իրենց տան բակում, բայց միջազգային հարաբերություններում գործում են այլ կանոններ։ Օրինակ՝ այլ պետությունների ղեկավարները քեզ կարող են լսել, լռել, գլուխները տմբտմբացնել, նույնիսկ ժպտալ, բայց դա չի նշանակում, որ նրանք համաձայնեցին քեզ հետ։ Նրանք իրենց անհամաձայնությունը կարող են հայտնել այնպիսի նուրբ դիվանագիտական մոտեցմամբ, որ եթե դու միանգամից թերթի խմբագրից դարձել ես վարչապետ (պատգամավորը հեչ), առանց պետական կառավարման փորձի, ապա քեզ կթվա, որ բոլորը ապշած են նախադեպը չունեցող ու դարակազմիկ քո առաջարկներով, բայց կարճ ճամանակ անց ապտակ ստանաս քո իսկ սեփական երկրում՝ այն նույն մարդու կողմից, որը մեկ ամիս առաջ ժպտում էր քեզ։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի նախագահը հայտարարեց, որ տարածաշրջանի խնդիրների հանձնումը արտատարածաշրջանային տերություններին էլ ավելի է բարդացնում իրավիճակը։

Ժողովրդական ասացվածք կա. «Դուզ խոսքն էշին են ասում»։ Սրանից ավելի բացահայտ դժգոհություն հայ-իրանական սահմանին ԱՄՆ-ի ներկայացվածության վերաբերյալ դժվար է ասել։ Ավելի պարզ ասելն արդեն կնմանվեր ժողովրդական ասացվածքին։

Կամ Փեզեշքիանի մեկ այլ հայտարարությունը. «Հայ-իրանական սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ»։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ անցյալ ժամանակով, ինչո՞ւ ոչ թե եղել է, այլ կա։ Պատճառը պարզ է, այդ սահմանը թեպետ արտաքնապես որևէ փոփոխության չի ենթարկվում, բայց այլևս չի էլ կարող համարվել կամուրջ, քանի որ անջրպետվում է երրորդ կողմով, ԱՄՆ-ով։ Միայն ՔՊ-ականը կարող է հավատալ, որ ամերիկացիները հայտնվելու են հայ-իրանական սահմանին բացառապես ինչ-որ մի ադրբեջանցու, ենթադրենք՝ ոմն Նուրի Փաշաևի՝ Բաքվից Նախիջևան անվտանգ գնալու համար։

Բնականաբար ամերիկյան ներկայությունն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ, դե իսկ Փաշաևն էլ ձեռի հետ կարող է գնալ գալ։

Ասվածի լավագույն ապացույցն է Փեզեշքիանի մեկ այլ հայտարարությունը. «Մեր մտահոգություններն ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծվեն»։ Իսկ ինչպե՞ս են լուծվելու այդ մտահոգությունները, սոսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններո՞վ։ Բնականաբար նրա խոսքին ոչ ոք չի հավատում, առավել ևս, որ փաստերը հակառակն են ասում։ Իսկ փաստն այն է, որ անհնար է ապահովել վերոնշյալ Փաշաևի անվտանգ անց ու դարձը «Զանգեզուրի միջանցքով» առանց զինված ներկայության։

Ուստի Փեզեշքիանի հայտարարությունները հավելյալ անգամ խորացրեցին այն մտահոգությունները, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» ոչ թե կարող է տարածաշրջանին բերել խաղաղություն, այլ խթան հանդիսանալ նոր լարվածության։

Կարեն Կարապետյան

Send