Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանի՝ «համաձայն չէիք՝ հեղափոխություն անեիք» արտահայտությունը ոստիկանների հետևում թաքնված վախկոտի հոխորտանք է

Blog Image

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «եթե համաձայն չէիք ինձ հետ՝ հեղափոխություն անեիք» ոչ միայն ցինիզմ է, այլ գյադայական մոտեցում (ինչպես նրա բոլոր արտահայտությունները)։ Նման արտահայտությունը հարիր է ինքնահաստատման փուլում գտնվող, որպես մարդ վերջնականապես չձևավորված մի արարածի, որին տարիներն անզոր են փոխել։

Ի դեպ, ասացվածքը, որ «տարիները իմաստնություն են հաղորդում մարդուն» կեղծիք է։ Տարիները իմաստնություն են հաղորդում միայն այն մարդուն, որը ձգտում է իմաստնության, իսկ ապուշության հակում ունեցողների մոտ միայն խորացնում է ապուշությունը։ Այդ պատճառով էլ մենք բազմիցս կարող ենք հանդիպել իմաստուն երիտասարդների ու հասուն (նույնիսկ տարեց) ապուշների։ Բայց ինչևէ, խոսքը հիմա այդ մասին չէ։

Նման արտահայտությունը բացի լոպազությունից, մեղադրանք է նաև ժողովրդի հասցեին, քաղաքական ուժերին ու ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց։ Մարդիկ, հանրությունը, ժողովուրդը առնվազն երկու անգամ ոտքի են կանգնել, առաջինը՝ «Դիմադրության շարժման», երկրորդը՝ «Սրբազան պայքարի» ժամանակ։ Սակայն երկու անգամ էլ հանդիպել են ոստիկանական վայրագությունների, իրավապահ համակարգի կողմից բռնաճնշումների, շինծու քրեական գործերի ու կեղծ դատավարությունների։

Այսինքն`թաքնվել ոստիկանական շղթայի հետևում, որպես մահակ օգտագործել իրավապահ համակարգը, դատավորներին վերածել ընդամենը վճիռներ կարդացողների ու միաժամանակ հոխորտալ, թե եթե կարող եք, հեղափոխություն արեք, էլի եմ շեշտում՝ առնվազն գյադայություն է։

Այսօր էլ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, այսօր էլ իշխանական ողջ ռեսուրսը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ վարչական լծակներով ոհմակային միասնությամբ հարձակվում է յուրաքանչյուր մարդու վրա, որը դեմ է արտահայտվում այս աղետալի գործընթացին ու Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում, այս իշխանությունները նույնիսկ նեքաղաքական պայքարում չունեն կարմիր գծեր, նրանք պատրաստ են մտնել յուրաքանչյուրի ընտանիք ու անձնական կյանք, հարվածել ցանկացածի ամուսնուն, կնոջն ու երեխային, միայն թե թույլ չտան իշխանական բուրգի թեկուզ մազաչափ տատանում։

Իր ճշմարտացիության մեջ վստահ մարդը պարզ ու անկեղծ խոսում է ժողովրդի, այդ թվում քաղաքական միավորների հետ ու եթե տեսնում է վերջիններիս անհամաձայնությունը, պարզապես հեռանում է։ Այդպես են գործում ինքնասիրություն ունեցող առաջնորդները, իրական պետական գործիչներն ու ինքնաբավ մարդիկ։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունն ունի նաև արտաքին հասցեատեր։ Նա ցանկանում է ստեղծել պատրանք, իբր ողջ հայ ժողովուրդը, հայաստանյան ողջ հանրությունը համաձայն է իր հետ։ Ու ցավոք պետք է խոստովանել, որ այդ տեսանկյունից նա որոշակի արդյունքներ ունեցել է։ Դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարեց, որ եթե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ընտրվել, նշանակում է հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի հետ, համաձայն է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իհարկե, նման արտահայտությունը մանիպուլյատիվ է, ու Ալիևը շատ լավ հասկանում է դա, բայց զուտ վիզուալ առումով նա ճիշտ է։

Բնականաբար, աշխարհաքաղաքական կենտրոնները, տարածաշրջանի շահագրգիռ պետությունները թքած ունեն ՀՀ ժողովրավարության վրա։ Նիկոլ Փաշինյանին «հաջողվել է» հասնել նրան, որ ներկա պահին որևէ մեկին չի հետաքրքրում, թե ի՞նչ գնով է նա պահում իշխանությունը, կարևորը նրանց համար, թե որքանո՞վ է նա կարողանում գործել իրենց շահերի շրջանակում։ Սակայն այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ավարտի իր առաքելությունն ու ամբողջացնի Հայաստանի կապիտուլյացիան, կրկին աշխարհի համար «առաջնային» կդառնան ժողովրդավարական արժեքները, որպեսզի կարողանան շարունակել ճնշումը Նիկոլ Փաշինյանի վրա։

Կարեն Կարապետյան

Send