Ես երբեք չեմ հավատում գիրք կարդալիս նկարվողներին, նրանց մեծամասնությունը պարզապես բացում է գիրքը, երբեք չեմ հավատում կարդացած գրքերի ցանկը հրապարակողներին ու կարդացվելիք գրքերն անոնսողներին։
Նրանց մեծամասնությունը, եթե նույնիսկ կարդում է այդ գրքերը, դա անում է պարտադրված, ոչ թե աշխարհայացքի ընդլայնման, այլ վիճակագրության համար։
Ես երբեք չեմ հավատում պաթետիկ դեմքով աղոթելիս կամ մոմ վառելիս նկարվողներին։ Նրանց մեծամասնությունը դիմում է ոչ թե Աստծուն, այլ մեզ՝ մահկանացուներիս։ Աստծուց ներում խնդրելու, Աստծուն դիմելու, Աստծուն խնդրելու համար վկաներ պետք չեն։
Ես երբեք չեմ հավատում Եռաբլուրից սեփական լուսանկարները հրապարակողներին։ Նրանց մեծամասնությունը խոնարհվում են հերոս նահատակների առջև, որպեսզի բոլորս տեսնենք, որ նրանք խոնարհվել են շիրիմներին։
Ես երբեք չեմ հավատում հրապարակային ներողություն խնդրողներին։ Նրանց մեծամասնությունը չի զղջում իրենց արարքների համար, հրապարակային ներողություն խնդրելը, մեծամասամբ կատարած արարքով հպարտանալու ու այն վերահաստատելու քողարկված միտում է։
Ես երբեք չեմ հավատում հայհոյանքն ու սաղմոսները մեկտեղողներին։ Նրանց մեծամասնության հոգում տիրում է կեղտն ու ապականությունը, նրանց մեծամասնության խոսքում գերիշխում է հայհոյանքը, քանի որ անառակ բարեպաշտներ չեն լինում։ Մարդը կարող է անառակից վերածվել բարեպաշտի կամ հակառակը, բայց չի կարող օրվա կենտ ժամերին լինել անառակ, զույգ ժամերին՝ բարեպաշտ։
Նիկոլ Փաշինյանի հրապարակած սաղմոսները կեղծիք են, նրա իրական դեմքը հայհոյանքն է, ներողությունը՝ պատրանք։ Նա դիտավորյալ նախօրոք հայհոյում է միայն նրա համար, որ այսօր կրկին դիտավորյալ ներողություն խնդրի։ Նրա սաղմոսները միայն մեկ նպատակ ունեն՝ արդարացնելու իր կողմից այլասերված հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու ու հոգևորականների հանդեպ։
Նիկոլ Փաշինյանի այցելությունները Եռաբլուր երեսպաշտություն են, նրա խոսքում չկա զղջում, հայացքում չկա մեղքի գիտակցում։ Նրա պահվածքը մարտահրավեր է մեր հերոս նահատակներին, նրանց հարազատներին ու բոլորիս՝ հանրությանը։
Նիկոլ Փաշինյանի աղոթքն ու մոմավառությունը եկեղեցում՝ Հուդայի համբույրն է Հիսուս Քրիստոսին։ Նա աթեիստ չէ, աթեիստը այն մարդն է, որը պարզապես չի հավատում աշխարհի գաղափարական ստեղծմանը, այլ ելակետ է համարում մատերիալիզմը, սկիզբը սահմանում է ոչ թե արարչագործությունը, այլ էվոլյուցիան։ Իսկ Նիկոլ Փաշինյանն աստվածուրաց է, աստվածամերժ, հայհոյող, Աստծո անունը շահարկող՝ իր քստմնելի նպատակներին հասնելու համար։
Նիկոլ Փաշինյանի ու իր զուգընկերուհու «կրթվելը» ու «գիրք կարդալը» սոսկ նկարներ են՝ միտված լյումպեն զանգվածին, որոնց մոտ գրքի ընդամենը արտաքին տեսքն արդեն թողնում է «ակնածալի» տպավորություն, սակայն անհայտ են հեղինակները, անծանոթ ու անլսելի գործերը։ Աննա Հակոբյանը Սի Ծինփինի գրքի փոխարեն ձեռքում կարող էր պահել «Թոմ Սոյերի արկածները» կամ «Ֆերդինանդ հրաշալին» (գիրք շան մասին), միևնույնն է, իրենց հավատավոր ընտրազանգվածի վրա տպավորությունը նույնն էր լինելու, ընդ որում կապ չունի, այդ ընտրազանգվածը ՔՊ-ական պատգամավորի հարևան Պողո՞սն է, թե՞ իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։
Եվ ահա հենց նման մակերեսային մարդկանց կողմից էլ կառավարվում է Հայաստանի Հանրապետությունը. «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու հիմնավորվեց տգիտությունը, մտքի պրիմիտիվիզմը, երեսպաշտությունն ու կեղծավորությունը», կասեր Մովսես Խորենացին, եթե կարդար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները։
Կարեն Կարապետյան