Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը կատեգորիկ սխալ կլիներ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այս փուլում Արցախում իր ներկայությունը և գործունեությունը համարում եմ անչափ կարևոր, իր սկզբունքային վճռական դիրքորոշումը Արցախի համար համարում եմ կենսական, որովհետև հիմա մենք տեսնում ենք համատարած «փալաս» քաղաքական գործիչներ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»,-ասաց Զոհրաբյանը, հավելելով, որ այս փուլում արտահերթ որևէ ընտրություն կնշանակեր Արցախի դե-յուրե իշխանության ավարտը, ինչպես նաև երկրի սուբյեկտայնության ջախջախում։
Զոհրաբյանի խոսքով՝ այս մասով Ադրբեջանի սցենարն ակնհայտ է, որ ընտրություններ Արցախում տեղի չէին ունենալու, քանի որ ընտրություններից մեկ-երկու օր առաջ Ադրբեջանը կազմակերպելու էր որևէ սադրանք, ընտրությունները չեղարկվելու էին և Արցախի իշխանությունը վերաձևակերպվելու էր ընդամենը Արցախի հայ համայնքի ներկայացուցչության։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ դե ֆակտո Արցախում այսօր իշխանությունը Ռուբեն Վարդանյանն է. երբ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը խոսում է Ռուբեն Վարդանյանի մասին, ասում է, որ նա պետք է հեռանա, երբ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը բարձրացնում է Ռուբեն Վարդանյանի հարցը, դա նշանակում է, որ Ռուբեն Վարդանյանը ոսկոր է Ալիևի կոկորդին և նրանք, ովքեր կփորձեն այդ ոսկորը հանել հայի ձեռքով ինձ համար նրանք դավաճան են»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ ովքեր այսօր խոսում են Արցախում արտահերթ ընտրությունների մասին, նրանք սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը, քանի որ այսօր Արցախը պետք է ունենա Հայաստանում ադեկվատ իշխանություն և ադեկվատ բանակցող, որպեսզի բանակցությունների միջոցով այս ռազմական-քաղաքական ճգնաժամը հաղթահարվի։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ MediaHub-ը գրել էր, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ կարվի:
Ավելի ուշ Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նա նաև նշել էր, որ անընդունելի է համարում երկրի նախագահի, խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
Շուշանիկ Միսկարյան