Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ով է Արցախի ԱԽ նոր քարտուղարը

Blog Image

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Շահրամանյանին:

Գեներալ-մայոր Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգում առանցքային դերակատարություն կատարած պաշտոնյա է ու ԼՂՀ համար ամենապատասխանատու շրջանում 2018-20թթ-երին, եղել է ԱԱԾ տնօրեն։

Այս շրջանը բեկումնային է համարվում այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որոշակի ինստիտուցիոնալ խզում էր առաջացել ՀՀ և ԼՂՀ իշխանությունների միջև ու անհրաժեշտ էին ռացիոնալ լուծումներ՝ Արցախը ցնցումներից հեռու պահելու, ի վերջո իշխանության անցնցում փոխանցում ապահովելու նպատակով։

Պետական մտածողության հատկանիշներով օժտված Սամվել Շահրամանյանը պատվով կատարել է այդ առաքելությունը։

Հիմա նա վերադառնում է պետական ծառայության ԱԽ քարտուղարի պաշտոնին, մի ժամանակահատվածում, երբ Ստեփանակերտում քաղաքական ճգնաժամ է և պետական ինստիտուտների գործունեության ներդաշնակությունը վերականգնելու անհրաժեշտություն կա։

Կարևոր է արձանագրել, որ գեներալ-մայոր Շահրամանյանը Ստեփանակերտի ներիշխանական որևէ թիմի չի հարում և նոր պաշտոնում լինելու է պետական համակարգի կայունության երաշխավոր, ով ապահովելու է, մի կողմից, պետական մարմինների ֆունկցիոնալ համագործակցությունը, մյուս կողմից` զբաղվելու է արտաքին մարտահրավերների չեզոքացման կարևոր գործառույթով։

Հիշեցնենք, նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Իսկ Սամվել Շահրամանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։

Send