Մենք հակված ենք մտածելու, որ ՀՀ իշխանությունների ձեռքով փորձ արվեց ապակայունացնել Արցախի ներքին քաղաքական իրավիճակը: Բավականին լուրջ վախեր կան Հայաստանի մոտ, որ Արցախը, ի վերջո, թեկուզ կամաց, բայց համախմբվում և ոտքի է կանգնում: Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
-Տիկին Հակոբյան, շաբաթ օրը Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արտահերթ ընտրությունների մասին թեզը նետեց դաշտ, իսկ երեկոյան հայտնվեցին լուրեր այն մասին, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ կարվի: Որքանո՞վ է այս երկուսը իրար հետ փոխկապակցված և որքանո՞վ են ճիշտ խոսակցությունները, որ Արցախում ներքաղաքական լուրջ գզվռտոց է:
-Այո, իրավացի եք՝ դրանք փոխկապակցված էին և իսկապես քաղաքական դաշտում գզվռտոց էր սկսվում: Կանխավ ասեմ՝ փառք Աստծո, հաջողվեց դա կանխել: Իսկ ամեն բան ակնհայտ էր. արտաքին ճնշումների ազդեցության տակ էր, մասնավորապես, մենք մտածում ենք, որ ՀՀ իշխանությունների ձեռքով փորձ արվեց ապակայունացնել Արցախի ներքին քաղաքական իրավիճակը: Ինչն անթույլատրելի է, հաշվի առնելով այն, որ Արցախը գտնվում է մեկ ամսից ավելի բավականին բարդ վիճակում և իրապես մեծ ջանքերի շնորհիվ ստացվում է պահել հանդարտությունը ներքաղաքական դաշտում և խուսափել խուճապից: Բնականաբար, դա շատ-շատերի պլանները խառնում է, և փորձ արվեց խաթարելու ներքաղաքական կյանքը: Մենք հակված ենք մտածելու, որ բավականին լուրջ վախեր կան ՀՀ իշխանությունների մոտ, որ Արցախը, ի վերջո, թեկուզ կամաց, բայց համախմբվում և ոտքի է կանգնում:
Սովորաբար այսպիսի դեպքերում միշտ քաղաքական որոշ ուժեր փորձում են օգտվել, բայց, փառք Աստծո, ընդդիմությունը հերթական անգամ ցույց տվեց, որ չունի քաղաքական և նեղ անձնական որևէ շահ, պետականամետ ընդդիմություն է և բոլորիս ջանքերի շնորհիվ ստացվեց կանխել Արցախում ապակայունացման այդ խայտառակ փորձերը: Հիմա ամեն բան նորմալ է այդ առումով, բոլորը լծված են հոմանիտար խնդիրները լուծելուն և փորձում են միասնաբար այս հարցերին լուծում տալ:
-Ի՞նչ զարգացումներ սպասել Արցախի ներքաղաքական դաշտում: Կարո՞ղ ենք պնդել, որ այս ալիքն անցավ, և Արցախը կրկին կենտրոնանալու է շրջափակումից դուրս գալու լրջագույն խնդրի վրա, Վարդանյան-Հարությունյան խնդիրները հարթված կարո՞ղ ենք համարել:
-Ռուբեն Վարդանյանը հանրահայտ մարդ է և ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև միջազգային համբավ ունի՝ կապված իր գործունեության հետ մինչ պետնախարար լինելը, և դա լուրջ անհանգստություն է պատճառում Ադրբեջանին: Վերջին շրջանում, հատկապես շրջափակման ընթացքում, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ, նաև Բայրամով-Լավրով հանդիպման ժամանակ խոսվեց Արցախի ղեկավարության մասին, մինչդեռ մինչ այդ, նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, այսքան անդրադարձ չէր եղել Արցախին: Դա պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի անձով նաև և բնական է՝ դա խիստ անհանգստություն պիտի առաջացներ Ադրբեջանի համար… իհարկե, ՀՀ իշխանություններին դա, մեղմ ասած, հաճելի չէ, որովհետև հնարավորություն կա այսօր բեկում մտցնել այն բոլոր սցենարների մեջ, որն ունեն իրենց համար գրած Հայաստանի իշխանությունները՝ Ադրբեջանի հետ միասին:
Անկեղծ ասած, Վարդանյանի խոսքում ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների նույնականացում ես չեմ տեսել, պարզապես ինքը փաստեց այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ այսօր Արցախը չի կարող ակնկալիքներ ունենալ Հայաստանի իշխանություններից ու, հետևապես, պետք է բոլոր մարտահրավերներն ընդունի: Ոչ թե հանձնվի, խեղճանա, այլ փորձի բեկում մտցնել այս իրավիճակի մեջ: Գիտակցելով նաև, որ Արցախի գործողություններից կախված է նաև Հայաստանի փրկությունը:
-Ի՞նչ զարգացումներ սպասել Արցախի ներքաղաքական դաշտում: Կարո՞ղ ենք պնդել, որ այս ալիքն անցավ, և Արցախը կրկին կենտրոնանալու է շրջափակումից դուրս գալու լրջագույն խնդրի վրա: Վարդանյան-Հարությունյան խնդիրները հարթված կարո՞ղ ենք համարել:
-Չեմ կարող ասել, որ ի սկզբանե Հարությունյան-Վարդանյան խնդիրներ են եղել, տեղեկացված չեմ այդ մասով և ձեռնպահ կմնամ մեկնաբանել: Միայն ակնհայտ է, որ արտաքին ճնշումներն են շատ մեծ և դրանով պայմանավորված մենք չենք կարող ասել, որ եթե հիմա կայունացավ, ապա այդ կայունությունը որքան կպահպանվի:
Ակնհայտ է, որ մենք պետք է վերահսկելի դարձնենք իրավիճակը և թույլ չտանք արտաքին որևէ ճնշում Արցախի ներքաղաքական կյանքի վրա: Կարևոր է կենտրոնանալ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա, և այս իրավիճակում, եթե որևէ կողմ գնում է ինչ-որ սադրանքների, դա ուղղակի անթույլատրելի է և դատապարտելի: Ուստի պիտի բոլորն այսօր սթափ կենտրոնացած լինեն միայն Արցախի ներկայիս այս լրջագույն խնդիրների վրա: