Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աուտիզմ ունեցող երեխաս Ստեփանակերտում փախել էր, հասկացա՝ եթե երեխայիս չգտնեմ, կմնամ, թող, թո ւրքը գա, uպանի

Blog Image

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի թեման, ինչպես նաև լսելի դարձնել բռնի տեղահանված արցախցիների պատմությունները, իրենց խնդիրները։ 

MediaHub-ին այսօր դիմեց Արցախից բռնի տեղահանված Անդրանիկ Բախշիյանը: Վերջինս միայնակ խնամում է իր աուտիստիկ սեկտոր ունեցող երեխային։ Ընտանիքի սոցիալական վիճակը բավականին ծանր է՝ և՛ ինքը, և՛ մայրը ունեն 3-րդ կարգի հաշմանդամություն, բացի այդ, մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչն առավել է ծանրացնում առօրյան։

Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը որոշեց, որ  2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին բռնի տեղահանված հետևյալ արցախցիները այսուհետ աջակցություն կստանան. մինչև 18 տարեկան երեխաները կամ կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկանները, կերակրողին կորցրածները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: 
ՀՀ իշխանության այս որոշումը բարդ դրության մեջ է դրել մեզ դիմած արցախցուն:

«Խնդիրն այն չէ, որ ես չեմ կարող աշխատել։ Ես աշխատունակ մարդ եմ, և Արցախում աշխատել եմ, այս պահին դժվարությունն այն է, որ ես տան վարձի գումար եմ տալիս, երեխայի բժշկական անալիզների համար գումար եմ ծախսում, բավականին մեծ գումար է գնում այդ ամեն ինչին, իսկ երեխան տանը չի կարող մենակ մնալ, ես իր միակ խնամակալն եմ։ Աուտիզմ ունեցող երեխաս բավականին անհանգիստ է, ինչ–որ տեղ ագրեսիվ, նրա հետ պետք է աշխատել, նրան մենակ անհնար է թողնել, եթե հանրակացարան կամ տուն լիներ, որտեղ ես կարողանայի ժամանակավորապես ապրել, երեխայիս հետ լինեի․․․»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Անդրանիկը։

Նրա խոսքով, իր երեխան բավականին բարդ երեխա է, կարող է փախչել ցանկացած րոպեին, իրեն մենակ տանը չի կարելի թողնել, հասարակությունն էլ դժգոհում է, երբ երեխային դրսում տեսնում են:

«Շատ անգամ անծանոթ մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ ես հանել երեխային տնից, թողնեիր տանը, դուրս հանելու երեխա չի» և այլն։ Երբ կրակում էին Ստեփանակերտի ուղղությամբ, երբ պատերազմական իրավիճակ էր, երեխաս մի օր փախել էր տնից, չէի կարողանում գտնել, հարևանս գտավ միայն մեկ օր հետո…։ Նա շատ բարդ երեխա է, և այդ օրը ես հասկացա՝ եթե երեխայիս չգտնեմ, կմնամ Ստեփանակերտում, թող թուրքը գա, սպանի»,– հիշում է Անդրանիկը։ 

Չնայած բոլոր դժվարություններին՝ Անդրանիկը շարունակում է պայքարել որդու առողջության ու բարեկեցության համար։ Նա հասարակական կազմակերպությունների օգնությամբ արդեն դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ խնդրելով, որ լսելի լինի իր խնդիրը։ Աուտիզմ ունեցող երեխային, ինչպես նշեց հայրը, բավականին դժվար է պահել, օգնություն է խնդրել նախարարությունից՝ տրամադրել բնակարան կամ ապահով կացարան, որտեղ իր ընտանիքը կարող է ապրել մարդկային պայմաններում։

Անդրանիկը նախարարություն դիմել է բավականին ժամանակ առաջ, իսկ հունիսին նրան նամակ է եկել, որ իր դիմումն ընդունված է, սակայն այդ օրվանից՝ լռություն։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ հայաստանյան դպրոցները պատրաստված չեն աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ «Ինչքան ժամանակ է, այստեղ դպրոց է հաճախել երեխաս, բայց չեն աշխատել իր հետ։ Փոխանակ ընդգրկեին դպրոցի միջավայր, դասարան, հակառակն էին անում»,– նեղսրտեց նա։

Ներկայումս Անդրանիկը ապրում է սթրեսային միջավայրում՝ փորձելով միաժամանակ հոգալ երեխայի կարիքները, խնամել հիվանդ մորը և գոյատևել անորոշության պայմաններում։ Լրատվամիջոցին դիմելու նպատակն էլ հուսահատությունն է, որ գոնե այս եղանակով պետական մարմինները ականջալուր լինեն շարքային քաղաքացիների խնդիրներին, օգնության ձեռք մեկնեն իրապես դրա կարիքը ունեցողներին և իր ընտանիքին սոցիալական տնով ապահովեն։

Մարիաննա Արամյան

Send