Քաղաքական դաշտը վայելում է ամառային արձակուրդը. թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը որոշել է հանգստանալ և աշնանը ուժերը հավաքած վերադառնալ դաշտ։ Իհարկե, երկու դաշտում էլ նշանակված «դիժուրնիներ» կան, որ հարկ եղած դեպքում պատասխանեն հակառակ դաշտում գտնվողների հրապարակումներին, եթե այդպիսիք լինեն։
Ինչևէ, այս ամենի ֆոնին կան պաշտոնյաներ, որ որոշել են կտրվել քաղաքական առօրյայից և մի փոքր հանգստանալ։
Այսպես, Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Հիշեցնենք, որ 18-ից հուլիսի 23-ը ներառյալ նա ևս գտնվել է արձակուրդում։
Կառավարության լրատվական ծառայությունից MediaHub-ին տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդն անցկացնում է Հայաստանում։ Նշենք, որ դժվար է կռահել, թե մեր երկրի կոնկրետ որ հատվածն է վայելում Փաշինյանը, քանի որ սոցիալական ցանցում նա, թեև զարմանալի է, որևէ հրապարակում չի արել։
Ի տարբերություն Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընտրել է ծովափնյա հանգիստը. երկու օր առաջ նա ինստագրամյան իր էջում նկար էր հրապարակել՝ նշելով, որ գտնվում է Իտալիայում։
Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս մինչև օգոստոսի 15-ը ներառյալ արձակուրդում է գտնվելու։ Նա ամառային հանգիստն անցկացնում է՝ սպորտային իրադարձություններին հետևելով։ Վերջին մեկ շաբաթվա նրա բոլոր հրապարակումները վերաբերում են սպորտին. ինստագրամյան իր էջում նա հրապարակումներ է կատարում հաջողությունների հասած հայ սպորտսմենների մասին։ Թե որտեղից է նա սպորտային իրադարձություններին հետևում, պարզ չէ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձակուրդում կլինի այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 22-ը ներառյալ։ Ավանեսյանն իր հանգստի մեծ մասն անցկացնելու է Հայաստանում և մի քանի օրով էլ մեկնելու է Վրաստան։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձակուրդում կգտնվի երկու փուլով՝ օգոստոսի 1-6-ը ներառյալ և օգոստոսի 25-29-ներառյալ։ Թե որտեղ է նա անցկացնելու հանգիստը, չկարողացանք ճշտել, քանի որ նախարարությունից հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 8-ը ներառյալ։
Վերը նշված պաշտոնյաներն այս օրերին սոցիալական հարթակներում ակտիվ չեն. ո՛չ հանգստից են հրապարակումներ անում, ո՛չ էլ քաղաքական գրառումներ են անում։
Այսօրվա քաղաքական էլիտայի մյուս ներկայացուցիչներին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ Փաշինյանի որոշումները դեռևս հրապարակված չեն։
Նարե Գնունի