Առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, որը ՔՊ-ականները գնահատում են պատմական։ Իրականում այն հենց պատմական է, սակայն ոչ միշտ է, որ պատմական ձևակերպումը դրական է բոլոր կողմերի համար, երբեմն այն կարող է ունենալ նաև աղետալի հետևանքներ, ինչպիսին կապիտուլյացիոն ակտի կնքումն է։ Օրինակ, երբ 1945 թվականին Ճապոնիան ԱՄՆ-ի պարտադրմամբ ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, նա պարտավորվեց Զինված ուժերի փոխարեն ունենալ ընդամենը ինքնապաշտպանական ջոկատներ ու երբեք չմասնացկել որևէ ռազմական գործողության։
Ըստ տեղեկությունների՝ նման մի ակտի ստորագրման համաձայնություն էլ ձեռք է բերվելու Անկարայում, որի անունը դրվելու է «խաղաղության պայմանագիր», բայց բացարձակ կարևոր չէ, թե մենք ինչ կանվանենք այն, կարևորը դրա բովանդակությունն է։
Շատ հաճախ որևէ երևույթի անվան փոփոխությունն ունենում է հոգեբանական նպատակ, որպեսզի «տուժող» կողմի համար վտանգի իրական ծավալները մեղմացված թվան։ Շատ երկրներում մարմնավաճառներին անվանում են սեքս ինդուստրիայի աշխատողներ։ Առաջին հայացքից պատկերը, կարծես, մի փոքր փոխվում է, դե ոլորտի մասնագետներ են, որոնք զբաղվում են հանրությանը ծառայություններ մատուցելով, բայց իրականում երևույթը մնում է անփոփոխ՝ նույն մարմնավաճառներն են, ինչպես աշխարհի յուրաքանչյուր երկրում։
Իսկ ի՞նչ ծառայություններ է պատրաստվում մատուցել Փաշինյանն Էրդողանին ու Ալևին այդքան փափագած «խաղաղության պայմանագրի» դիմաց։ Դրանք են թուրք-ադրբեջանական բոլոր պայմանների ու նախապայմանների կատարումը, բոլորն անխտիր, պարզապես ժամանակագրության առումով տարբեր հերթականությամբ ու հենց այդ հերթականությունն էլ Փաշինյանին ներքին լսարանի առջև մանևրելու հնարավորություն է տալու։
Միանշանակ է, որ ըստ այդ համաձայնագրի՝ Հայաստանն ունենալու է ճիշտ այնպիսի բանակ, ինչպիսին ուներ Ճապոնիան 1945 թվականին, առանց լուրջ սպառազինությունների, առանց լուրջ մարտական հավակնությունների ու իրավունքի։ Դրա նախադրյալները տեսանելի են նաև այսօր. եթե անտեսենք հնդկական զինամթերք ձեռք բերելու ուռճացված փիառը, ապա հայկական բանակն ավելի շուտ գնում է լուծարման, քան վերականգնման։
Թուրք-ադրբեջանական բանակների զորավարժությունների դիմաց ՀՀ Զինուժը չի արել ոչ մի զորավարժություն, ինչն արդեն որոշակի ցուցիչ է։ Հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, կրկին անվանումը կարող է այլ լինել, ինչպես վերը նշված մարմնավաճառների պարագայում, հատկապես, որ օրերս Ադրբեջանն այդ հնարավորությունը տվել է Փաշինյանին՝ հայտարարելով, որ հայկական կողմը կարող է այդ միջանցքն անվանել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Այդ «խաղաղության պայմանագրի» կնքմանը հաջորդելու է ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, այսինքն՝ կտրվի Հայաստանի ադրբեջանականացման ու թուրքացման գործընթացի մեկնարկը։ Ավելորդ է խոսել նաև ԵԱՀԿ Մինսկի ու Արցախի հարցը վերջնականապես փակելու փորձերի մասին, որում, կարծես, Փաշինյանն ավելի շահագրգռված լինի, քան Ալիևը։ Իսկ ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու թուլացմանն ու ազգային արժեքներից կտրելու քայլերին, ապա դրա ականատեսն ենք բոլորս։
Իսկ ի՞նչ է ստանալու Փաշինյանն իր ծառայությունների դիմաց։ Առաջինը՝ կապիտուլյացիոն ակտը որպես «խաղաղության համաձայնագիր» ու սեփական անձի անվտանգության երաշխիք Թուրքիայի կողմից։
Այլ խոսքով, Փաշինյանն Էրդողանի համար լինելու է Հայաստանի Հանրապետության գերեզմանաքարը։ Սա է այն նողկալի ծրագիրը, որը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը փորձում է իրականացնել։ Աստված մի արասցե, Փաշինյանի կողմից Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի օղակում տեղավորելուց հետո մենք դադարելու ենք մեր տեղն ունենալ ազգերի համաշխարհային ընտանիքում։ Մեր մասին այլևս չեն խոսի, մենք ինքներս մեր մասին այլևս չենք լսի, մենք կվերածվենք մի տարածքի, որն այլևս իր տեղը չի ունենա միջազգային լրահոսում։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի Անկարա այցից կարելի է սպասել միայն հերթական աղետի մոտեցումը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի գլխին։ Իսկ նրա վերադարձից հետո կտեսնենք էլ ավելի լկտիացած մեկին, որը վերջնականապես խզած է լինելու իր կապերը հայ ժողովրդի հետ։ Հանձին Փաշինյանի՝ գուցե ունենանք աննախադեպ այլասերված մի բռնապետի, իհարկե, ինչպես արդեն ասել եմ, մինչև «Նովրուզ բայրամներից մեկի ժամանակ մատաղ լինելը»։
Կարեն Կարապետյան