Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակվեց այնտեղ նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» տեքստը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առանձին ուղերձով ու թեպետ որևէ նոր բան չասեց, բայց կարծես պետք է սահմանափակվեր այդքանով։ Սակայն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո մենք ականատես ենք լինում նոր երևույթի։
Ի տարբերություն նախորդ ժամանակների, հիմա Կառավարության յուրաքանչյուր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին հանդես է գալիս հենց ինքը, պատասխանելով բոլոր կարևոր հարցերին։ Իհարկե լրագրողների համար դա լավ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի ունեցել այնքան անդեմ ու կամազուրկ Կառավարություն, ինչպիսին այժմյանն է։
Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել անձամբ պատասխանել լրագրողների հարցերին, այլ ոչ այն թողնել համապատասխան ոլորտների ղեկավարների վրա։
Պատճառներն իրականում մի քանիսն են։ Նախ՝ համապատասխան ոլորտների ղեկավարներ փաստացի գոյություն չունեն, կան ընդամենը մարդիկ, որոնք ամեն մեկն իր տեղում կատարում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները, ընդ որում, լինի դատական, իրավական, ներքին թե արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին։
Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոչ ոքի, նա ունի վախեր, որոնք արտահայտվում են նաև իր թիմակիցների հանդեպ։ Նա վստահ է, որ իր թիմից յուրաքանչյուր ոչ, ցանկացած պահի պատրաստ է իրեն հոշոտել, եթե նա մի փոքր թուլացնի իր դիրքերը, կամ այդ դիրքերը թուլանան պայմանավորված արտաքին հանգամանքներով, իր անձից դուրս։ Ու այդ հարցում Նիկոլ Փաշինյանը չի սխալվում։
Իրականում ՔՊ անդամներին միավորում է ոչ թե գաղափարախոսությունը, ոչ թե պետության զարգացմանը միտված ծրագրերը, ոչ թե մարտահրավերներին պետականորեն դիմագրավելու կամքը, այլ հայրենիքը հանձնելու գիտակցությունն ու ընդհանուր դավաճանությունը։ Նրանք հանուն իրենց սեփական կաշվի պատրաստ են ատամներով պահել իրար ու արդարացնել մեկը մյուսի ազգուրացությունը, բայց կրկին հանուն իրենց սեփական կաշվի կարող են միմյանց տրորել անմնացորդ, ամենը բարդել մեկի վրա, միայն թե մեղմվի սեփական հայրենադավությունը։ Այդ բանը շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը ու գործում հանգամանքների պարտադրմամբ։
Եվ երրորդը՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մեկնարկել է քարոզարշավը ու Երևանի և Գյումրիի փորձից համոզվել, որ եթե քարոզարշավի գլխավոր ջութակն ինքը չլինի, ապա ՔՊ-ն ամեն ինչ կտապալի, ճահիճը քաշելով նաև իրեն։
Տարիներ առաջ զրուցում էի օրվա իշխանությունների շահերը սպասարկող մի փոքր կուսակցության խոսնակի հետ, ով օրեր առաջ դուրս էր եկել այդ կուսակցությունից ու անդամագրվել իշխող ուժին։ Հարցիս, թե ինչո՞ւ դուրս եկավ, նա տվեց բավականին անկեղծ պատասխան. «Եթե իմ ճակատին գրված է, որ ես պետք է լինեմ «շիստյորկա», ապա ավելի լավ է լինեմ հենց տիրոջ «շիստյորկեն», քան «շիստյորկի» «շիստյորկեն»»։ Իհարկե, նման պատասխանն ու մոտեցումն արժանապատիվ չէր, բայց էլի եմ կրկնում՝ անկեղծ էր։
Գրեթե նույն իրավիճակն է ներկայումս, եթե մի բան վաղը այսպես թե այնպես պետք է անի Նիկոլ Փաշինյանը, ապա ինչո՞ւ այսօր դա վստահի նրանց, որոնք զուրկ են կամքից, գաղափարից, կենսագրությունից, արժանապատվությունից, ինքնասիրությունից, մտքից, սեփական խոսքից, որոշ դեպքերում էլ նաև ուղեղից։
Կարեն Կարապետյան