Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ինչո՞ւ Ալիևը հանկարծակի ստանձնեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարտականությունները

Blog Image

Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրվածը խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է։ Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը։ 

Առաջին հայացքից որևէ արտառոց բան կարծես չկա, քանի որ խաղաղությանը սովորաբար հաջորդում է զարգացումը։ Սակայն խաղաղությունը ենթադրում է առնվազն երկու կողմերի համաձայնություն, որովհետև ոչ մի պետություն ինքն իր հետ խաղաղության պայմանագիր չի կնքում։ Մինչդեռ Ալիևը խոսում է ընդամենը Հայաստանի զարգացման մասին ու ոչ մի խոսք խաղաղությունից՝ Ադրբեջանի օգուտներից։

Ըստ այդմ, ինչո՞ւ է Ալիևը ստանձնել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարտականությունները, ինչո՞ւ է տառացիորեն կրկնում այն, ինչ արդեն տևական ժամանակ է լսում ենք Նիկոլ Փաշինյանից։ Պատճառները երկուսն են, առաջինը՝ մեսիջ ուղղված հենց Նիկոլ Փաշինյանին, երկրորդ՝ հայ հասարակությանը, քանի որ Ադրբեջանի հանրությանն առանձնապես չի հետաքրքրում Հայաստանում կայուն զարգացում տեղի կունենա, թե ոչ։ Նույնիսկ հակառակը, հետևելով սոցիալական ցանցերին, պարզ է դառնում, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը բացարձակապես չի նվազել։

Ալիևը օգուտների մասին խոսում է միայն «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։ Սակայն խոսելով «Զանգեզուրի միջանցքից», նա ամենևին չի համադրում այն խաղաղության հետ, որովհետև դրանք նրա համար գտնվում են տարբեր հարթություններում։ Բայց նույնիսկ խոսելով «Զանգեզուրի միջանցքից» կրկին Ալիևը շեշտում է այն շահը, որը դրանից ունենալու է Հայաստանը։
Հետևաբար, որո՞նք են պատճառները, որ Ալիևը կամովին դարձել է ՀՀ կառավարության անդամ։

Նախ՝ նա տողատակերով հերթական անգամ ստորացնում է Նիկոլ Փաշինյանին՝ հասկացնելով, որ այդ նա է խաղաղությունը մուրացողի դերում, առաջին հերթին հենց իրեն է պետք խաղաղությունը, իսկ ինքը կարող է կայուն զարգացում ապահովել առանց այդ «խաղաղության համաձայնագրի» կնքման։ Ինչ վերաբերում է այն շեշտադրմանը, որ Վաշինգտոնում ստորագրվածը Հայաստանի համար բացի զարգացումից նաև խաղաղության երաշխիք է, ապա այստեղ կա նաև քողարկված սպառնալիք, ակնարկ, որ ցանկացած շեղում ձեռք բերված պայմանավորվածություններից կարող է հանգեցնել էսկալացիայի, ընդ որում թե՛ խաղաղությունը, թե՛ պատերազմը Ալիևը պրոյեկտում է միայն Հայաստանի վրա։

Ինչ վերաբերում է հայ հանրությանն ուղղած մեսջիներին, ապա Ալիևը կրկնում է նույն խոսույթը, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Հաշվի առնելով, որ ապագայում սպասվում են խորհրդարանական հերթական ընտրություններ, հնարավոր է նաև արտահերթ, ապա նա ցանկանում է ստեղծել պատրանք, որ Նիկոլ Փաշինյանն է այն անձը, որը Հայաստանին խաղաղություն ու զարգացում է բերում կամ բերելու։ Շատ մոտ ապագայում Ալիևը էլ ավելի է տիրաժավորելու Նիկոլ Փաշինյանի մոտեցումները՝ ձգտելով հնարավորինս ամրապնդել նրա դիրքերը ներքաղաքական պայքարում։ Այժմ Ալիևը զարգացնում է Նիկոլ Փաշինյանի նույն թեզը ու այլ խոսքերով ամրագրում, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանը լինում է ՀՀ վարչապետ, կա՛մ պատրաստվեք պատերազմի։ Սակայն ի տարբերություն Փաշինյանի՝ անում է քողարկված, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ծափահարելու տեսքով։

Իսկ թե ինչո՞ւ է Ալիևը ձգտում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ ՀՀ վարչապետի աթոռին, կարծում եմ` բոլորի համար էլ պարզ է։ Նիկոլ Փաշինյանը երկնքից ընկած այն երեք խնձորն է, երբ երեքն էլ ընկել են հենց Ալիևի գլխին։

Կարեն Կարապետյան

Send