Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իմ դեմքից Դուք չգիտեք երբեք՝ ինչ է զգացվում․ Գալյանը կմասնակցի՞ Մայր Աթոռի «ազատագրմանը» (տեսանյութ)

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ սկսված գործընթացն ու նախատեսվող հավաքը հարձակում չի համարում ու դեռ չի էլ կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ է այդ հավաք-հարձակմանը, թե՞ ոչ։

«Ես որևէ հարձակման չեմ մասնակցելու և վստահ եմ, որ որևէ մեկը որևէ հարձակում չի նախապատրաստում։ Հարձակում նախապատրաստած անձինք արդեն քրեակատարողական հիմնարկներում կալանք են կրում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գալյանը՝ ակնարկելով կալանավորված Սրբազան հայրերի մասին։

-Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «պետք է գնանք և ազատագրենք Վեհարանը»։ Այդ ազատագրումն ինչպե՞ս է լինելու։ Մենք պատմության դասերից հիշում ենք, որ ազատագրումը լինում է հարձակմամբ, օրինակ՝ մարդիկ ազգային-ազատագրական պայքար են մղում զենքով։

-Ժողովրդավար երկրներում նաև, ոչ, հարձակումը բացառում եմ միանշանակ, նոնսենս է դա, և դրա մասին նույնիսկ խոսել էլ չարժի։ Խոսքն այն մասին է, որ կեղծ բարեպաշտ մարդկանց հետ շարունակել աշխատելը ուղղակի գուցե խնդիր է։

-Բա յոթ տարի ինչպե՞ս էիք մի կերպ դիմանում այդ կեղծ բարեպաշտների հետ։ Նո՞ր եք իմացել։

-Նոր ենք իմացել, որ կաթողիկոսն աղջի՞կ ունի։ Չգիտեմ՝ նո՞ր ենք իմացել, թե՞ ոչ։

-Իսկ Ձեզ համար դա խնդրահարո՞ւյց է՝ կաթողիկոսն աղջիկ ունի՞, թե՞ոչ։

-Ինձ համար խնդրահարույց է, երբ կա կանոն, և այդ կանոնին չեն ենթարկվում։

-Դուք էլ բազմաթիվ կանոնների չեք ենթարկվում, պարզապես հիմա իշխանության եք, և ոչ ոք ձեզ դեռ չի դատում ո՛չ Աստծո առաջ, ո՛չ՝ օրենքի։ Հիմա, թողեք, թող այդ մարդիկ, որ Աստծո հետ շփվում են, Աստված դատի իրենց կամ իրենք իրենց ներսում իրենց կանոններով առաջնորդվեն, դուք ինչո՞ւ եք որոշել մտնել այդ դաշտ, խառնվել Աստծո գործերին։

-Դե, եկեք նաև բոլոր իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչենք ու բոլորին թողնենք Աստծո հույսին, և ասենք՝ թող Աստված դատի իրենց։

-Դուք իրավաբան եք և լավ գիտեք, որ եկեղեցին տարանջատված է պետությունից։ Հիմա պետությունը այդ տարանջատված եկեղեցու գործերին է խառնվում, այսպես ասած՝ քիթը խոթում է եկեղեցու գործերի մեջ, ու ասում է՝ «եկեք ես որոշեմ՝ դուք ճի՞շտ եք, թե՞ սխալ»։

-Եկեղեցին, եթե ընդունում եք այդ միտքը, որ տարանջատված է պետությունից, ապա պետք է զբաղվի և պետք է զբաղվեր միայն ու միայն եկեղեցական, կրոնի, հավատքի հետ կապված հարցերով և ոչ երբեք քաղաքականությամբ։ Քաղաքականությամբ չէր կարող զբաղվել եկեղեցին և չի կարող, բայց մենք ի՞նչ ենք տեսնում, որ այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվում են երկու բարձրաստիճան հոգևորականներ, որոնք նախապատրաստում էին, ըստ հրապարակված նյութերի, չեմ ասի հիմա ինչ, բոլորը գիտեն այդ մասին։ Այսինքն՝ մենք ի՞նչ ենք ուզում, թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա՞։ Շատ լավ, դա էլ է հասարակությունն ընտրում։

-Տիկին Գալյան, Դուք Ձեր հոգու և խղճի հետ համերա՞շխ եք այս իրադարձություններում։

-Ես միշտ եմ իմ խղճի հետ համերաշխ, եթե համերաշխ չլինեմ, չեմ անի այն, ինչ անում եմ ցանկացած ոլորտում։

-Եթե Նիկոլ Փաշինյանը չհայտարարեր Մայր Աթոռը ազատագրելու մասին, չգրոհեր Մայր Աթոռի վրա, չնայած՝ Դուք դա գրոհ չեք համարում, և եթե Փաշինյանն այս ամենը չնախաձեռներ, Ձեր մտքով կանցնե՞ր, որ պետք է եկեղեցին ազատագրել ինչ-որ մարդկանցից։

-Իմ մտքով մշտապես անցել է, որ բոլորը պետք է հնարավորության չափով լինեն ազնիվ և անեն իրենց գործը ճիշտ։ Իսկ դա խախտվել է մշտապես։

-Իսկ Նիկոլ Փաշինյանն ազնի՞վ է իր բոլոր ձեռնարկներում։ Ինչ ասել է՝ ազնվորեն ու ճիշտ արե՞լ է։

-Ես քիչ առաջ նշեցի, որ ես՝ ինքս, իմ խղճի հետ միշտ համերաշխ եմ, և քանի դեռ այստեղ կանգնած Ձեզ հարցազրույց եմ տալիս,  այո, մտածում եմ այդպես։ 

-Հուսանք՝ Դուք մեզ հարցազրույց չեք տա Մայր Աթոռը պաշարելու գործընթացի շրջանակներում, երբ այդ մասին հայտարարվի։

-Պաշարել կամ հարձակում կոչելը երբևէ ճիշտ չէ։

-Իսկ եթե հարձակվե՞ն, օրինակ՝ մարդիկ Փաշինյանի կոչով ուզենան մտնել և դուրս հանել Վեհափառին Վեհարանից։

-Նախ չեմ պատկերացնում, որ նման կոչեր լինեն, ամեն դեպքում բռնությունն ընդունելի չէ։

-Ի՞նչ եք անելու, այդ դեպքում, ինչպե՞ս եք պատրաստվում ազատագրել Մայր Աթոռը Գարեգին Բ-ից, գնալու եք բանակցե՞ք նրա հետ, համոզեք, որ՝ «Վեհափառ ջան, արի կլինի՝ դու գնա, մենք քո փոխարեն ուրիշ մարդ ենք բերելու», եթե ինքնակամ չի գնալու։

-Ինչո՞ւ եք այդ սցենարը պատկերացնում, գուցե ինքնակա՞մ է հեռանում։

-Իսկ եթե չի՛ հեռանում ինքնակա՞մ։

-Իսկ գուցե ինքնակա՞մ է հեռանում։

-Բայց մենք տեսանք, չէ՞, որ կարծես մտադրություն չունի հեռանալու, եթե ունենար, կհեռանար։

-Չգիտեմ, ես իր հետ չեմ խոսել իր մտադրությունների մասին։

-Բայց Ձեր դեմքից զգացվում է, որ Դուք այդքան էլ հակված չեք այս ամեն ինչին, կարո՞ղ է չմասնակցեք։

-Իմ դեմքից Դուք չգիտեք երբեք՝ ինչ է զգացվում։

Վահե Մակարյան

Send