Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ընկերությունը մի շարք չվերթեր է հետաձգել և չեղարկել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղություններով։ Պատճառը, ինչպես հասկանում ենք, հաքերային հարձակումն է, որի «շնորհիվ» կոտրել են ընկերության սերվերը։
Նշենք, որ այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ հաքերային խմբավորումը հայտարարել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության ներքին ՏՏ ենթակառուցվածքի ամբողջական ոչնչացման մասին։ Հաքերների հայտարարության համաձայն՝ նրանք ավելի քան մեկ տարի գտնվել են կորպորատիվ ցանցում՝ բեռնելով թռիչքների պատմությունները և պատրաստել դիվերսիա։ Նրանց տվյալներով՝ ոչնչացվել է շուրջ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվեր, ձեռք է բերվել ավելի քան 20 Տբ տվյալներ, ներառյալ կորպորատիվ էլեկտրոնային փոստը և ներքին փաստաթղթերը։
Այս տեղեկությունից որոշ ժամանակ անց պարզ դարձավ ընկերության կողմից որոշ չվերթերի հետաձգման մասին։
Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ չեղարկվել է «Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթերը, որ պետք է կայանային կեսօրին, հետաձգվել է նաև երեկոյան նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը, իսկ Երևանից դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գիշերային չվերթերի մասով դարձյալ նշված է ուշացում։ «Աէրոֆլոտի»՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ մյուս չվերթերը, սակայն, որոնք ուշ ժամի են նախատեսված, ըստ չվացուցակի՝ տեղի կունենան ժամանակին։
Վահե Մակարյան