Արցախյան պատերազմներում զոհված և անհայտ կորած անձանց հարազատներն «իրենց գոյության», խնդիրների, դժվարությունների մասին պարբերաբար հիշեցնում են ՀՀ կառավարությանը։ Վերջին ակցիան, որ տեղի էր ունեցել օգոստոսի 22-ին, ավարտվել է անարդյունք։
«Մենք հավաքվել ենք ոչ թե բողոքների կամ մեր սոցիալական խնդիրների համար, այլ ուղղակի հիշեցնելու Նիկոլ Փաշինյանին, որ մեծ մասս Արցախում մեր հարազատներին հուղարկավորելուց հետո տարհանվել ենք, ու այլևս չենք կարողացել գնալ նրանց շիրիմներին այցի։ Մեր ուզածը արտաշիրիմումն է, բերեք մեր բալեքին, մեր ամուսիններին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Մարտունու շրջանի բնակիչը։
«Սեպտեմբերի 19-ի երեկոյան հուղարկավորել ենք որդուս, գիշերը մեզ տարհանել են գյուղից։ Որդուս գերեզմանին մի անգամ նույնիսկ չեմ այցելել, ես ի՞նչ մայր եմ»,- նեղսրտում է մեր զրուցակիցը։
Նույն տրամադրություններն ունեն նաև անհետ կորածների հարազատները։ Շուտով 2 տարի է՝ որևէ լուր չունեն։
Կառավարությունից ակցիայի մասնակիցներին վստահեցրել են, որ ամեն ինչ անում են 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված և Արցախում հուղարկավորված անձանց աճյունները Հայաստան տեղափոխելու համար։ Ի դեպ, նրանց թվում նաև խաղաղ բնակիչներ ու երեխաներ կան։
«Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումները դարձել են հաճախակի։ Մենք խնդրել ենք, որ այդ հանդիպումների ժամանակ այդ հարցը ևս բարձրացնի, բայց մինչ օրս արձագանք չկա։ Մեզ ասում են՝ «դուք ի՞նչ գիտեք չե՛նք բանակցում», բայց փաստը մնում է այն, որ դեռ ոչ մի քայլ չի արվում։ Օգոստոսի 22-ի ակցիայից հետո ներքին կարգով տեղեկացրել են՝ «խաղաղության ենք գնում, հենց փաստատթուղթը ստորագրվի՝ ամեն ինչ լավ կլինի»»,- ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ 2023-ի բռնի տեղահանությունից առաջ Արցախի շրջաններում և Ստեփանակերտում 5 տասնյակից ավելի հուղարկավորություն է կատարվել։
Հունան Թադևոսյան