Ազգային ժողովի աշխատակազմը ամռան ամիսներին, երբ խորհդրարանը արձակուրդի մեջ է, որոշել է զբաղվել վերանոգորման աշխատանքներով։ Մասնավորապես, ԱԺ ղեկավարությունը որոշել է նորոգել ԱԺ Ոսկեզօծ դահլիճն ու փոքր դահլիճը, որ առավել հայտնի է որպես ԱԺ 334 համարի դահլիճ։ Այս օրերին խորհրդարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է շինհրապարակի՝ ամենուր շինարարական աղբ է և շինանյութ։
MediaHub-ը գնումների համակարգից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմը՝ ի դեմս դրա ղեկավար Դավիթ Առաքելյանի, ԱԺ Ոսկեզօծ դահլիճը, նաև ԱԺ փոքր դահլիճն ու դրան կից նախասրահը վերանորոգելու կամ, իրենց խոսքով, հարդարելու համար, պայմանագիր է կնքել մրցութային կարգով հաղթող ճանաչված «Ավագ-շին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմում է 50 մլն 988 հազար դրամ, որից 8 մլն 498 հազար դրամը կազմում է ավելացված արժեքի հարկը։
Այդ 51 մլն դրամով հիմնահատակ քանդվելու են և նորոգվեն նշված երկու դահլիճներն և դրանցից փոքրի նախասրահը։ Այսինքն՝ փոխվելու և թարմացվելու են դահլիճների և նախասրահի հատակը, առաստաղը, պատերը, դեկորատիվ և հիմնական սյուները, ջահերը, էլեկտրականությունը, ջրահեռացման համակարգը և այսպես շարունակ։
Աշխատանքների կատարման ժամկետը առավելագույնը 60 օր է՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած։ Համաձայնագիրը կնքվել է 01.07. 2025 թվականին։ Եթե այս ամսաթվով հաշվենք, ապա հուլիսի մեկից սկսած՝ երկու ամիս անց պետք է ամբողջովին ավարտած լինեն, այսինքն՝ սեպտեմբերի 1-ին: ԱԺ աշնանային նստաշրջանը, հիշեցնենք, մեկնարկում է սեպտեմբերի 8-ից, և ԱԺ աշխատակազմն այնպես է կազմակերպել, որ մինչև նստաշրջանի մեկնարկը նորոգման աշխատանքներն ավարտած լինեն։ Բայց, հաշվի առնելով այն, որ ԱԺ-ի նշված դահլիճներում այս պահին այնպիսի վիճակ է, որ մոտ չեն անգամ ավարտին, շատ հնարավոր է՝ ոչ միայն սեպտեմբերի 1-ը, այլև անգամ մինչև նստարջանի մեկնարկը չավարտեն աշխատանքները, ու ԱԺ բացօթյա սրճարանի նման այս դահլիճների շինաշխատանքները ևս ամիսներով ձգվեն։
Ի դեպ, այդ դահլիճների համար ԱԺ-ն առանձին նաև կահույք պետք է ձեռք բերի, որը, ի դեպ, սկզբից՝ մրցույթով, հետո, ինչ-ինչ տարօրինակ կամ կասկածելի գործընթացներից արդյունքում, օգոսոտոսի 26-ին արդեն հրատապ մեկ անձինց գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ինչ-որ «Արտաշես Պետրոսյան» ԱՁ-ի հետ, որ վերջինս 40 մլն դրամով կահույք մատակարարի։ Սա այն դեպքում, երբ դրանից առաջ մրցույթ էին հայտարարել, որտեղ հաղթող էր ճանաչվել ոմն «Բաղդասարյան 88» ՍՊԸ, որը պարտավորվել էր նախատեսված կահույքը մատակարարել ընդամենը 23 մլն 760 հազար դրամով։
Սակայն վերջին պահին «Բաղդասարյան 88» ՍՊԸ-ն հրաժարվել է պայմանագիր կնքելուց, և ԱԺ աշխատակազմը տվյալ ընկերությանը «սև ցուցակ» է գցել, որից հետո հրատապ մեկ անձից գնման կարգով պայմանագիր է կնքել վերը նշված «Արտաշես Պետրոսյան» ԱՁ-ի հետ, բայց արդեն մոտ կրկնակիի չափով բարձր արժեքով, ինչը խիստ կասկածելի է։
Սրանով, թերևս, կարող են զբաղվել վերահսկողական մարմինները, թե ինչպես է ստացվել, որ ցածր արժեքով անհայտ մի ՍՊԸ կեսից հրաժարվել է պայմանագիր կնքելուց, հետո ԱԺ-ի կողմից անմիջապես հայտնվել է «սև ցուցակում», և ինչո՞ւ է ԱԺ աշխատակազմը հետո որոշել նույն ապրանքի համար մոտ կրկնակի ավել գնով պայմանագիր կնքել ինչ-որ անհայտ մի ԱՁ-ի հետ։
Արդյոք կա՞ այստեղ ստվերային պայմանավորվածություն և գործարք, թե՞ ոչ, և ո՞վ ինչ շահ ունի դրանում, կարող են պարզել համապատասխան մարմինները։
Վահե Մակարյան