Կոտայքի մարզի Գողթ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. ոռոգման ջուր չկա, բերքը վառվում է, իսկ Ազատ գետի ջուրը, որ իրենք կարող էին օգտագործել ոռոգման նպատակով, գնում է «Ջաղացի Ձոր» ՓԲԸ-ին, որն ապահովում է ջրահոսքի կիրառումը փոքր ՀԷԿ-երի տուրբինների աշխատանքի համար։
«Այո՛, կա նման խնդիր. ամռանը, երբ գետի ջուրը պակասում է, հիմնական մասը գնում է «Ջաղացի Ձոր»-ին, մարդկանց մեծ մասը չի կարողանում ոռոգել իր հողատարածքը։ Այս խնդիրն ամեն տարի էլ կա։ Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ ձևով է բաշխվում ջուրը, այսինքն՝ որ մասն է հասնում գյուղացուն, և որ մասը այդ ընկերությանը, բայց խնդիրը միշտ կա, ամեն տարի գյուղացիները գնում են, ՋՕԸ դիմում են գրում, բողոքում, բայց մեկ է՝ խնդիրը չի լուծվում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գողթ համայնքի վարչական ղեկավար Էմին Ղարիբյանը։
Նրա խոսքով՝ գետի ջուրը երեք մասով է բաշխվում՝ գյուղացուն, ՀԷԿ-երին ու ՋՕԸ-ին։ «Ջրօգտագործողների ընկերությունը ջուրը բաշխում է, բայց բոլոր գյուղացիներին չի հասնում։ Եթե գյուղի մի հատվածը կարողանում է ՋՕԸ-ի բաշխած և «Ջաղացի Ձոր» ընկերությանը մատակարարված ջրերից օգտվել, ապա մյուս մասը մնում է անջրդի»։
«Ջուրը նախ ոռոգմանը պետք է բավականացնի, նոր՝ մյուս նպատակների համար բաշխվի։ Հիմա էս խնդիրը կա, հստակեցված չի՝ գյուղացուն որքան ջուր պիտի հատկացվի, ընկերություններին՝ որքան։ Ու հիմա մարդիկ խնդրի առաջ են, ես էլ բարձրաձայնում եմ հարցը, քանի որ ինձ համար առաջնահերթ է գյուղացու խնդիրը բարձրացնելը»,- նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ այս տարվա հունիսի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր՝ մշակվում է «Ջաղացի Ձոր» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Գողթ համայնքի Գողթ բնակավայրի վարչական տարածքում՝ «Գողթ-2» փհէկի շահագործման նպատակով Ազատ գետի Գողթ վտակից՝ 584,2 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Թե ինչ հաշվարկների հիման վրա է որոշվել նման բաշխում իրականացնել, արդյո՞ք հաշվարկվել է՝ գյուղացին կկարողանա՞ հողամասերի ոռոգում իրականացնել, փորձեցինք պարզել ՇՄՆ-ից։
Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր հաշվարկներն իրականացված են նախարարության կողմից։
«Ոռոգման նպատակով Գողթ համայնքին ջուր տրվում է Գեղարդալճի ջրամբարից։ Այդ ջուրը «Ջաղացի Ձորն» օգտագործում է էներգետիկ նպատակով, հետո այն օգտագործվում է ոռոգման համար։ Մենք ուշադիր ենք, ու այս պահին Գողթում ոռոգման խնդիր չունենք։ Այս պահին Գեղարդալճի ջրամբարում ջուրն առատ է, ու չգիտեմ՝ մարդիկ ինչից են բողոքում։ «Կոտայք» ՋՕԸ-ն է իրականացնում ջրի բաշխումը»,- նշեց Գայանե Հովսեփյանը։
Ջրօգտագործման թույլտվություն տրվում է, երբ ներկայացվում է հայտ, այսինքն՝ ներկայացվում է, թե քանի հեկտար հող պետք է ոռոգվի, դրա հիման վրա էլ տրամադրվում է թույլտվություն։
«Այսինքն՝ ջրօգտագործման թույտվության մեջ նշված է ամբողջ Գողթ բնակավայրը, էդ ջուրը պետք է բոլորին բավարարի»,- նշեց մեր զրուցակիցը։
Իսկ ո՞վ է հետևում, որ ՋՕ ընկերությունն արդար կատարի ջրաբաշխումը, Գայանե Հովսեփյանը պատասխանեց՝ դա արդեն իրենց տիրույթում չէ, ՏԿԵՆ-ն է զբաղվում այդ հարցով։
Գյուղացիների բարձրացրած խնդրի մասին մենք հայտնեցինք նաև ՏԿԵՆ-ին, որտեղից մեզ խոստացան, որ մասնագետները կփորձեն հասկանալ, թե որտեղից է գալիս գյուղացիների դժգոհությունն ու կփորձեն լուծում տալ հարցին։
Նարե Գնունի