Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պաղեստինի մշակութային ժառանգությունից խեր-խաբար չկա. ԱԳՆ ամպագոռգոռ հայտարարության հետքերով

Blog Image

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հուլիսի 29-ին Նյու Յորքում. ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց, որ մեր երկիրը համաձայնության է եկել Պաղեստինի հետ, և որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Մեկ շաբաթ անց MediaHub-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք առարկայական որևէ գործ արվել է այս ուղղությամբ, Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունն արդեն տեղափոխվե՞լ է Հայաստան, թե՞ ոչ։

Մատենադարանի մամուլի քարտուղար Էմմա Հոռոփյանը նշեց, որ դա միայն հայտարարության մակարդակով է եղել, չկա ո՛չ հուշագիր, ո՛չ էլ հստակ է, թե ինչպես է լինելու տեղափոխումը։

Երիտասարդ փոխնախարարի այս հայտարարությունը մեծ ռեզոնանս առաջացրեց քաղաքական դաշտում, և շատերը մեղադրեցին ՀՀ իշխանությանը, որ Պաղեստինի մշակութային ժառանգության համար նման հոգ տանելը, չգիտես ինչու, Արցախը հանձնելու և հայաթաելու օրերին արցախյան ժառանգության նկատմամբ բացակայում էր: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի կողմից ապօրինի օկուպացիայից հետո Արցախից որևէ մշակութային ժառանգություն ներկայացված կա՞ Մատենադարանում:

Հոռոփյանը պատասխանեց. «Երբ Արցախում պետք է բացվեր Մատենադարանը, այստեղ բացվեց կրկնօրինակման բաժին և այն էջերը, որ ցուցադրվելու էր,  կրկնօրինակվեցին այստեղ և ցուցադրվեցին այնտեղ։ 2020 թվականին այդ կրկնօրինակներն էլ են բերվել։ Բնօրինակներ երբեք Երևանի Մատենադարանից չեն հանվել և չեն տարվել Արցախ»։

Ճշտող հարցին՝ 2023 թվականին, երբ Արցախը հայաթափվեց, մշակութային որևէ նմուշ բերվե՞լ է, որն այս պահին ցուցադրված է Մատենադարանում, մամուլի քարտուղարը բացասական պատասխան տվեց՝ ոչ:

Էմմա Մարտիրոսյան

Send