Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կաթողիկոսի ու եկեղեցու դեմ կատարած իր հերթական գրառման մեջ, բացի Գարեգին Բ-ին գահընկեց անելու իր պիղծ մտքերից, նաև լալահառաչ մտքեր է հայտնել մեր հոգևոր ժառանգության մասին։
Փաշինյանը, որ ակնհայտ հակակրանք և թշնամանք է տածում քրիստոնեական արժեքների, հայի ու հայկականության, եկեղեցու, նրա հոգևոր հայրերի նկատմամբ, իր՝ ցինիզմով ու կեղծիքով լի գրառման մեջ նշել է․ «Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի»։
Այն, որ Փաշինյանը ավելի շատ խանդաղատանքով է վերաբերվում Ադրբեջանի ժողովրդին, ադրբեջանական մշակույթին և Ադրբեջանի՝ կեղծած ու գողացած մշակույթին, նրա մուսուլմանական հոգևոր ժառանգությանը, դա վաղուց ապացուցված և աներկբա իրողություն է։ Բայց մի պահ համարենք, որ Ադրբեջանին Կուրբան Բայրանի առթիվ շնորհավորած Նիկոլ Փաշինյանն իսկապես «խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի»։ Արդ, հարց է առաջանում, Դադիվանքն ու Ղազանչեցո՞ցն էլ էր իր համար մասունք, դրա՞նց էլ էր նա խանդաղատանքով վերաբերվում, թե՞ դրանք, ինչպես նաև Ամարասն ու Արցախում գտնվող և Ադրբեջանին հանձնված մեր մյուս վանքերն ու եկեղեցիները մեր հոգևոր ժառանգության մաս չեն կազմում։
Ի դեպ, ի՞նչ ասել է «մեր»՝ ըստ Փաշինյանի։ Եթե համարենք, որ Փաշինյանը «մեր» ասելով նկատի ունի հայ ժողովրդինը, որի մի մասնիկը, բայց ոչ մասունքն է կազմում ինքը՝ դե յուրե, ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայկական հոգևոր ժառանգության ցանկացած մասունք իրենն է համարում։ Հետևաբար, Արցախում գտնվող և հայ շինարարների կողմից կառուցված, հայ հոգևորականների կողմից օծված վանքերն ու եկեղեցիները նույնպես իրենն են, և դրանց նույնպես այս մարդը խանդաղատանքով է վերաբերվում։
Բա, եթե խանդաղատանքով ես վերաբերվում ու քոնն ես համարում այդ մասունքները ևս, ինչո՞ւ այդպես հեշտությամբ՝ գրչի մի հարվածով, դրանք հանձնեցիր Ադրբեջանին։ Ի՞նչ է, Դադիվանքն ու Ղազանչեցոցը մեր հոգևոր ժառանգության մի մա՞սը չէին, թե՞ կարող է վաղն էլ պարզվի՝ դրանք մուսուլմանական եկեղեցիներ են եղել, և այս տարածաշրջանում «վաղուց բնակվող» ադրբեջանցիներն են «հազարամյակներ առաջ» դրանք կառուցել՝ որպես ադրբեջանական մզկիթներ։ Համենայնդեպս, չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, որ Արցախում գտնվող վանքերն ու եկեղեցիները, իրականում, մզկիթներ են եղել, և «օկուպանտ» հայերն են դրանք «զավթել ու ձևափոխել»՝ դարձնելով հայ առաքելական եկեղեցիներ։
Վահե Մակարյան