Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ավելի կարևոր հարցեր կան, Փաշինյանը գնում է քաղաքացիական պատերազմի

Blog Image

«Հայաստան» խմբակցության այսօրվա հայտարարությունից հետո, թե իրենք պատրաստ են միանալ ու կողմ քվեարկել «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի օգտին, եթե խորհրդարանական երրորդ ուժը կարողանա բերել ութ ստորագրություն, քաղաքական դիսկուրսը եկեղեցու դեմ իշխանության արշավից կրկին տեղափոխեց դեպի իմպիչմենտի գործընթաց։

Իշխանության որակմամբ ծիծաղելի այս գործընթացը կրկին սրեց երկրորդ ու երրորդ նախագահի կողմնակիցների միջև կռիվը, թե «ով է ավելի շատ պայքարում Նիկոլին պահելու» համար։

Թեև խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը պատրաստ է տալ իր 28 ստորագրությունները, այնուամենայնիվ, նրա առաջ բերած պայմանը անընդունելի է խորհրդարանական երրորդ ուժի համակիրների համար։ Նրանք պահանջում են, որ «Հայաստան» խմբակցությունն առանց «եթեների» ու «բայցերի» հստակ հայտարարի՝ կա՛մ միանում ու հիմա ստորագրում է, կա՛մ՝ ոչ։ 

«Մեր հայտարարությունը շատ պարզ է ու չի տարբերվում նախորդ արվածից, որում մենք ասում էինք՝ «հենց լինի ութ ստորագրություն, մենք տալիս ենք մեր ստորագրությունները»»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Դիտարկմանը, որ իրենց մեղադրում են իմպիչմենտի գործընթացը վիժեցնելու մեջ, Մանուկյանն արձագանքեց՝ ավելի կարևոր հարցեր կան, Փաշինյանը գնում է քաղաքացիական պատերազմի։

Հիշեցնենք, որ երկրի Կառավարության գլուխն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ընդդիմադիր ուժերը մեկնաբանեցին որպես քաղաքացիական պատերազմի նախերգանք։

Նարե Գնունի

Send