Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են

Blog Image

Իրանա-իսրայելական պատերազմի պատճառով վերջին օրերին կտրուկ ավելացել է Իրանից Հայաստան տեղափոխվողների հոսքը։ Վերջին երկու օրվա ընթացքում օրական 2-3 հարյուր իրանցի է Հայաստան գալիս։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Իրանի հետ սահմանակից Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։

«Հոսքը կա, երեկվանից արդեն ավելի շատ, էս երկու օրը օրական 200, 300-ի չափով գալիս են, օրական արդեն սկսում է ավելանալ հոսքը։ Ես խոսում եմ մաքսատան աշխատողների հետ, ասում են՝ սովորականից շատ է արդեն հոսքը, նախորդ օրերին եթե օրական մի ավտոբուս, երկու ավտոբուս էր գալիս, հիմա արդեն տասն անգամ ավել են գալիս ավտոբուսները։ Էսօր երրորդ օրն է արդեն, ու ավելի շատ հոսք ենք սպասում, կարող ա հազարին մոտ լինի»,- ասաց Խաչատուր Անդրեասյանը։

Համայնքապետը նշեց, որ իրանցիները, քանի որ հիմնականում ավտոբուսներով են գալիս, տեղավորվում են Մեղրիի և հարակից բնակավայրերի հյուրանոցներում և սկսում տրանսպորտի փնտրտուքով զբաղվել, որ գան Երևան կամ Երևանին մոտ բնակավայրեր։

Ու արդեն հյուրանոցները չեն բավականացնում։ Համայնքապետի խոսքով՝ արդեն այսօր իրենք իրանցիներին տեղավորելու լուրջ խնդիր ունեն։

«Արդեն լուրջ խնդիր ունենք հյուրանոցներում, քանի հյուրանոց զանգել ենք, ոչ մեկում ազատ տեղ չկա։ Քանի որ մեր հյուրանոցները քիչ են՝ երեք-չորս հատ Մեղրիում ունենք, մի երեք հյուրանոց էլ Ագարակում կա, բայց դրանք փոքր՝ մինչև 25 տեղանոց հյուրանոցներ են, ու չեն հերիքում արդեն»,- ասաց Մեղրիի համայնքապետը։

Մեր հարցին, թե ինքն ինչ-որ խնդիր կամ ռիսկեր տեսնո՞ւմ է իրանցիների այս հոսքի հետ կապված, Խաչատուր Անդրեասյանն ասաց․ «Չէի ասի, թե ռիսկ եմ տեսնում, քանի որ իրենք մեզ բարեկամ ժողովուրդ են, բայց խնդիրներ կլինեն, ամեն դեպքում, հիմնականում տեղավորելու, տեղափոխելու, մնալու, որովհետև շրջանն ի վիճակի չէ էդքան մարդու ընդունել։ Հիմա սպասում ենք՝ երեկոյան հերթական հոսքը, որ եկավ, իրենց որտե՞ղ ենք տեղավորելու։ Իրականում, էլ մենք տեղ չունենք, նույնսիկ մտածում ենք վրանների խնդիր լուծենք, որովհետև, նայելով էս օրական աճին, մտածում եմ՝ էսօր ավելի շատ է լինելու հոսքը։ Տաքսիներն էլ են շատ քիչ, նույնսիկ խնդրել ենք, որ Կապանից տրանսպորտ ուղարկեն, որ կարողանան էդ մարդկանց տեղափոխեն Երևան»։

Ի դեպ, Անդրեասյանն ասաց, որ Իրանից Հայաստան տեղափոխվողների մեջ հայերի դեռ չի հանդիպել, հիմնականում իրանցիներ են, նաև Իրանում բիզնեսով զբաղվող այլ երկրների քաղաքացիներ։

Թարմացում

Իր հերթին, ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը, արձագանքելով համայնքապետի հայտարարություններին, նշեց.

«ՀՀ մաքսային մարմինների աշխատակիցները չունեն որեւէ իրավասություն ներկայացնելու տեղեկատվություն անցակետում մարդկային հոսքի վերաբերյալ, դա սահմանապահ զորքերի գործառույթն է եւ ես վստահ եմ, որ Մեղրիի համայնքապետը շփոթել է եւ սխալ տեղեկատվություն է ներկայացրել լրագրողին, նշելով, թե մարդկանց հոսքի ավելացման մասին ինքը ստացել է հաստատում մաքսային աշխատակիցներից ։ ՊԵԿ -ը եւ մաքսային մարմինները սահմանային անցակետերում ապահովում են բացառապես բեռնատարների եւ այլ տրանսպորտային միջոցների սպասարկումն ու հսկողությունը տնտեսական անվտանգության տեսանկյունից, մարդկանց հաշվառման կամ հոսքերի վերլուծության հետ որեւէ կապ չունեն: Եւ այս իմաստով, դարձյալ հաստատում եմ, որ անցակետն այս պահին աշխատում է իր բնականոն ռեժիմով ,չեն նկատվում տրանապորտային միջոցների կտրուկ ավելացումներ»։

Վահե Մակարյան

Send