ԱԺ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Այս տողը հերիք է հասկանալու համար, որ սա հերթական քարն է ընդդիմության բոստանը և հերթական աջակցության ձեռքն է Նիկոլ Փաշինյանին:
«Էլ ինչ կարելի էր անել Նիկոլ Փաշինյանի հաղթանակը 2026-ին ապահովելու համար։ Դե իհարկե, աղքատ Հայաստանում միլիարդատեր, Հայաստանում չապրող, ժողովրդից հեռու, հոգեւոր կենտրոնում իր ու իր կնոջ մեծադիր կտավը տեղադրած մարդուն քաղաքական դաշտ նետելով, որը օրենքով չի կարող վարչապետ լինել։ Դե փորձեք հակառակն ապացուցել»,- գրել է նա:
Մի կողմ թողնենք Սամվել Կարապետյանի գործոնը, թե ով է նա, ինչ է արել, ինչ է անելու, արդյոք կարող են գեղամնազարյանների նմանները, որ ոչնչի չեն հասել, քան ամբողջ կյանքում գեթ մեկ անձին ծառայելը, նրան քննադատել կամ փորձել հեգնանքի տոնայնությամբ նրա մասին խոսել: Այս ամենը հիմա այդքան էլ էական չէ, քանի որ վստահ ենք՝ Նազարյանի գրառմանը նույն Սամվել Կարապետյանի թիմում ուշադրություն չեն էլ դարձնելու: Եվ գիտեք ինչո՞ւ, որովհետև կա հայտնի ասացվածք. «Մինչև 30-ը դու աշխատում ես անվանդ վրա, 30-ից հետո՝ անունդ քեզ վրա»: Իսկ բոլորս լավ հիշում ենք, թե որտեղ է անցկացրել այդ տարիները Նազարյանը, ավելի շուտ՝ ում ստվերում: Պարզապես հասկանալի չէ, թե ինչու ընդդիմությունը որոշեց այդ հանգամանքի վրա աչք փակել և օձին տաքացնել սեփական կրծքի վրա....ինչևէ:
Գեղամ Նազարյանը, որ չի էլ թաքցնում իր համակրանքը նախկին շեֆի նկատմամբ (թեև ինչպես ասում են՝ շեֆի ու սիրեկանի նախկինը չի լինում), ըստ էության մի գրառում է արել, որով, իբրև թե, փորձում է ցույց տալ, թե ընդդիմությանն է լավություն անում և մատնանշում ստրատեգիական սխալները, որպեսզի (իբրև թե) դրանք հասցնեն ուղղել ու 2026-ին վերջապես հաղթանակ նշեն ու Հայաստանն ազատեն Նիկոլից: Թեև համոզված ենք, որ այսպես իրականում շա՜տ քիչ մարդ է մտածում: Իսկ մնացած բոլորը, հատկապես նրանք, ովքեր հետևում են Գեղամ Նազարյանի ոչ փառավոր կարիերային, տողատակում կտեսնեն այն, որ սույն անձը ատելությամբ է լցված յուրաքանչյուրի նկատմամբ, ով կհանդգնի ձեռնոց նետել իր պաշտելի Նիկոլին ու կփորձի որոշակի խաղի կանոններ փոխել ներքաղաքական դաշտում: Թերևս, սա էլ հասկանալի է՝ ո՞ւմ ցուցակով է 2026-ի ընտրություններին նա մասնակցելու, իր տաքուկ տեղն ապահովելու ապագա խորհրդարանում և ևս մի քանի տարի մի քանի հարյուր հազար աշխատավարձ ստանալու հարկատուներիս հաշվին: Պարզ է, որ միակ ուժը ՔՊ-ն կարող է լինել, որին նա ջանասիրաբար ծառայում է, բայց արդյո՞ք նման որոշում ՔՊ-ն պահին ունի՝ Նազարյանին տանել սեփական ցուցակով: Սա դեռ հարց է, որը չի կարող չանհանգստացնել Նազարյանին:
Հետևապես առաջիկայում մենք դեռ շատ նմանատիպ հայտարարություններ ու գրառումներ կտեսնենք Գեղամ Նազարյանի գրչից ծնված՝ քանի մոտենում են ընտրությունները, այնքան խաղադրույքները բարձրանում կամ ավելի ստորացուցիչ են դառնում:
Լիա Խոջոյան