Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ վտանգ է ներկայացնում Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը»

Blog Image

Վաշինգտոնում եռակողմ՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնք ակնհայտ բավարարված են կայացած հանդիպման արդյունքներից ու ամենը դրական լույսի ներքո են ներկայացնում, Իրանը չի դադարում ստորագրված փաստաթղթի շուրջ իր մտահոգությունները հայտնել: Մասնավորապես, պաշտոնական Թեհրանից լսվում են հայտարարություններ, որ այս իրավիճակը իր երկրի շահերից այդքան էլ չի բխում։ Իհարկե, այս բոլոր մտահոգությունները փարատելու համար Ալիևը շտապեց հայտարարություն տարածել, թե «Իրանի նախագահի դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար»։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշել է, թե «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «Հայաստանը կստանա տարանցիկ վճարներ տրանսպորտից»։

«Հաշվի առնելով, որ Ասիայից Եվրոպա Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է, ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա աշխարհամասերը կապող կարևոր տրանսպորտային օղակ», - ընդգծել է թշնամի երկրի նախագահը:

Ինչպիսի՞ն է հեռանկարը իրականում. MediaHub-ը ծանոթացավ իրանագետ Գարիկ Միսակյանի դիրքորոշմանը։

«Դժվար է ասել, թե այս պարագայում ինչ կանի Իրանը, բայց պետք է հաշվի առնել՝ Ալիևի հայտարարությունը քարոզչական բնույթ կրող հայտարարություն է, որը վերջին տարիներին հաճախ է արվում, նպատակ ունենալով մեղմել Իրանի հայտարարությունները»,- նշեց մեր զրուցակիցը։

Այն, որ Իրանն անհանագստացած է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունից հետո, դա ակնհայտ է։ Հաշվի առնելով այն, որ Իրանի թշնամական պետություններն են մուտք գործում տարածաշրջան, փորձագետը կարծում է՝ դա մեծ վտանգ է մեր հարևան երկրի համար։

«Իրանում կա մի արդարացված տեսակետ՝ այս միջանցքով կարող է խախտվել Իրանի հյուսիսային տարածման ուղիները՝ դեպի Հայաստան, այստեղից էլ դեպի ռուսական ԵԱՏՄ շուկա, կամ Եվրոպա և այլն։ Այսինքն՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական բնույթի շատ անհանագստություններ կան»,- նշեց Միսակյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ անհանգստությունը վերաբերում է Հարավային Կովկասի հանրապետությունների արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեպի Արևմուտք։ Իրանի համար սպառնալիք է նաև Իրան-Իսրայել թեժ հակամարտությունը, որը դեռևս չի մարել։ Իսկ թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, հավելեց մեր զրուցակիցը, ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, դեռ հուլիսի վերջին Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն աշխարհաքաղաքական սխեմա է, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից՝ ի վնաս Իրանի ազգային անվտանգության և ռազմավարական կապերի։  

««Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը հետապնդվում են որպես ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։ Գլխավոր նպատակն է թուլացնել դիմադրության առանցքը, խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել Իրանի և Ռուսաստանի վրա տարածաշրջանի հարավում»,- հայտարարել էր Վելայաթին։

Էմմա Մարտիրոսյան

Send