Մշտապես մամուլի և հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող, իշխանության քմահաճույքները կատարող ՀՀ գլխավոր դատախազի՝ Աննա Վարդապետյանի տեղակալ Էդգար Արսենյանի կենսագրությունն ու անշարժ գույքի և եկամուտների մասին տեղեկությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ վերջինս 2015-ի փետրվարին է այս կառույցում աշխատանքի անցել: Նա, նախ, եղել է զինվորական կայազորի դատախազ, ապա ԱԱԾ մինչդատական վարույթի, հետո Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, նույն վարչության պետ։
Սակայն հանրությանը Արսենյանը ճանաչելի դարձավ որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ։
Ի՞նչ է հայտարարագրել Արսենյանը: Ըստ փաստաթղթի՝ 2024-ին դատախազի տեղակալը ձեռք է բերել երկու անշարժ գույք՝ մեկ բնակարան (արժեքը՝ 36 մլն 824 հազար դրամ), մեկ ավտոկայանատեղի (3 մլն 195 հազար դրամ), ինչպես նաև դեռ 2002 թվականից ունի մեկ բնակարան։
Տվյալ տարվա սկզբում փոխառության գումարը կազմել է 6 մլն 877 հազար դրամ, որը տարվա վերջում պահպանվել է, 30 մլն-ը՝ նույնպես, իսկ 1 մլն 948 հազար դրամը տարվա ընթացքում պակասել է՝ կազմելով 1մլն 246 հազար դրամ։
Էդգար Արսենյանի բանկային ավանդներից մեկի մնացորդը կազմել է 8 մլն դրամ, ինչը տարվա վերջում պահպանվել է։ Նրա երկու ավանդները տարվա սկզբում զրո դրամից դարձել են՝ մեկը՝ 8 մլն, մյուսը՝ 600 հազար դրամ։
Արսենյանի բանկային հաշվիներից մեկի մնացորդը՝ 1 հազար դրամը, զրոյացվել է, 5 319 դոլարը տարվա վերջում կազմել է 6 909 դոլար։ 1 մլն 750 հազար դրամը տարեվերջում դարձել է 800 հազար դրամ, իսկ 567 դոլարը զրրոյացվել է։
Նա որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 3 հազար եվրո, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 2 հազար եվրո, իսկ 1000 դոլարն աճել է՝ հաշվետու տարվա վերջում դառնալով 2 հազար դոլար։ 2 մլն 250 հազար դրամը տարեվերջում կազմել է 2 մլն։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 21 մլն 327 հազար դրամ, որից 16 մլն 641 հազար դրամը ՀՀ դատախազությունից ստացած աշխատավարձի գումարն է։
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի չափը կազմել է 26 մլն 673 հազար դրամ;
Հիշեցնենք, Արսենյանի դատախազ լինելու օրոք նախկին նախագահ Սերժ Սարգսյանը արդարացվել է։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով Սարգսյանին մեղավոր ճանաչել։
Էմմա Մարտիրոսյան