MediaHub-ը շարունակում է ահազանգեր ստանալ Արագածոտնի մարզից, որտեղ շուրջ մեկ ժամ առաջ գրանցվել է մեծ ուժգնության քամի, փոթորիկ:
Մեզ ուղարկված կադրերից պարզ է դառնում, որ քամին եղել է բավականին ուժգին, կան մեծ ավերածություններ: Մասնավորապես, Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։
Ապարան քաղաքն այս պահին հոսանքազրկված է, անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվել է նաև գազամատակարարումը:
Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, աշխատում են նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։
Զոհերի կամ տուժածների վերաբերյալ այս պահին որևէ տեղեկություն չի ստացվել: