Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է». Փաշինյանը դեռ 20 տարի առաջ անոնսեց այն, ինչ անում է այսօր

Blog Image

2001 թվականի մայիսի 23-ին Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում մի հոդված է գրել, որը նախերգանքն է այն բոլոր իրադարձությունների, որոնց այսօր ականատեսն ենք: Բառի բուն իմաստով՝ այսօր սպասվող իրադարձության, քանի որ այն, ինչի մասին գրել է Փաշինյանը հեռավոր 2001-ին, այսօր միս ու արյուն է ստանալու Վաշինգտոնում:

«Մենք ու մեր շահերը» վերտառությամբ հոդվածում Փաշինյանը խոսում է Մեղրիի մասին՝ նշելով. «Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաեւ Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»: Ընդամենը 24 տարի անց Փաշինյանը այդ շահերի կծիկի տակ ստորագրելու համար հասել է Վաշինգտոն...

Հոդվածը ներկայացնում ենք MediaHub-ի ընթերցողի դատին՝ հիշողությունները  ոչ միայն թարմացնելու, այլ նաև գիտակցելու, թե ինչ հստակ ծրագրով եկավ Փաշինյանը և որ իր բոլոր քայլերը այդ հստակ ծրագրի մաս են, ոչ թե իմպուլսիվ գործողություններ:

«Մեղրիի հարցի մուտքը օրակարգ, եթե արտահայտվելու լինենք կենցաղային լեզվով, հայի չուզողության հետեւանք է: Ավելի ճիշտ, չուզողությունը պետության քաղաքականության հիմքում դնելու  հետեւանք: Թուրքերը գիտեն ինչ են ուզում. նրանք ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա, ու եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում հավակնություններ ունեցող որեւէ այլ դաշնակից չունի, ստացվում է, որ ի դեմս Թուրքիայի, Կենտրոնական Ասիա է ուզում դուրս գալ ԱՄՆ-ը:

Հայաստանը չգիտի, թե ինչ է ուզում: Հայաստանը գիտի միայն, որ ամեն ինչ պետք է անի՝ Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա խոչընդոտելու համար, որովհետեւ այդպես ձեռնտու է Ռուսաստանին ու նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանին: Ու ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերին:

Այդ փոքր տարածքը Մեղրին է, ու եթե այդ միջանցքի գաղափարն իրականանա, Հայաստանն այլեւս չի կարող խանգարել Թուրքիային եւ ԱՄՆ-ին, քանի որ կդադարի աշխարհքաղաքական գործոն լինել: Հիմա Հայաստանը աշխարհքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն, նաեւ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ (որից այդքան ընդունված է բողոքել): Բայց այսօր՝  ուրիշի ծրագրերին խանգարող աշխարհքաղաքական գործոն: Իհարկե ոչ ոք երբեք անվերապահ չի տրվում իր հարեւանների ծրագրերի իրականացմանը, եւ փորձում է դրանք համատեղել սեփական շահերի հետ: Մեր դեպքում, սակայն, զավեշտն այն է, որ Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի  ու Չինաստանի շահերին:

Ի դեպ, Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:

Ի դեպ, Թուրքիան Նախիջեւանի հետ երկաթուղային կապ չունի, ու Նախիջեւան հասնելու համար թուրքերը ստիպված կլինեն օգտագործել մեր երկաթուղին՝ Գյումրի-Երեւան-Երասխ գծում, ու վճարել դրա համար: Թե սա քանի միլիոն դոլար է մեր բյուջեի համար, թող հաշվեն տնտեսագետները: Այսինքն, կոմունիկացիաների բացման գաղափարը այնքան էլ վատը չէ: Այլ բան, որ այդ գաղափարը Քոչարյանի նմանների մասնակցությամբ դարձել է բոբո այս ազգի գլխին: Որովհետեւ նրանք կոմունիկացիան բացելը շփոթում են հողը հանձնելու հետ: Իսկ որեւէ մեկը մտածե՞լ է, թե ինչ տեղի կունենա Մեղրին հանձնելուց հետո. անմիջապես կհետեւի Թուրքիա-Նախիջեւան երկաթուղու կառուցումը, որից հետո Հայաստանն ընդհանրապես կվերածվի փակուղու:

Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արեւմուտքի ու արեւելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետեւյալ պայմանները.
1.  Կտրել ցանկացած ձեռք, որ կփորձի Մեղրին կամ Մեղրիի վերահսկողությունը հանձնել ուրիշին:
2.  Գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր:
3.  Գիտակցել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարեւաններն են, ու նրանց հետ հարաբերությունների բարելավումը կենսական հարց է:
4.  Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա:

Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաեւ Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը:

Նիկոլ Փաշինյան»:

Send