Նիկոլ Փաշինյանը բացի անձի երկվությունից, տառապում է նաև թերարժեքության բարդույթով և իր անունը որևէ կերպ պատմության մեջ թողնելու մոլուցքով։ Ու ցավոք պետք է խոստովանենք, որ նրան հաջողվում է իրականացնել իր վերջին մոլուցքը ճիշտ այնպես, ինչպես Հերոստրատեսի անունը մնաց պատմության մեջ, որպես Արտեմիսի տաճարն այրողի։ Սակայն այս պարագայում Արտեմիսի տաճարը Հայաստանի Երրորդ Հանրապետությունն է։
Կեղծիք են Փաշինյանի այն պնդումները, թե Արցախի հարցի փակումը հանգեցնելու է խաղաղության ու ՀՀ ինքնիշխանության բարձրացման։ Իրականում խաղաղության հանգեցնելու է Հայաստանի Երրորդ Հանրապետության չգոյությունը, ինչին էլ ձգտում է Փաշինյանը։ Սակայն այդ «խաղաղությունը» լինելու է հարաբերական, քանի որ այն հանրապետությունը, որը ցանկանում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, հայտնվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի գերիշխանության տակ ու գործընթացների աղբանոցում։
Սակայն որպեսզի ամբողջովին ոչնչացնի Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, բացի ազգային արժեքները տրորելուց, պատմությունն ու Ցեղասպանությունն ուրանալուց, նրան անհրաժեշտ է նաև հարվածել մեր պետականության կերտման գլխավոր դերակատարներին ու պետության հիմքը հանդիսացող ինստիտուտներին։
Հենց դրանով է մեծամասամբ պայմանավորված նրա այժմյան թիրախային հարձակումները Լևոն Տեր- Պետրոսյանի վրա։ Դրանով է պայմանավորված Հայ Առաքելական Եկեղեցու վրա արդեն տևական ժամանակ սկիզբ առած վայրահաչությունը։ Դրանով է պայմանավորված շարքային հարկատուներին ՀՀ ազգային հերոսներին հավասարեցնելը։
Դրանով է պայմանավորված Արցախն Ադրբեջանին հանձնելն ու հարցը վերջնականապես փակելու ձգտումը։ Դրանով է պայմանավորված արցախցիների նկատմամբ ատելության գեներացումը։ Դրանով է պայմանավորված հանրության շրջանում շանտաժի ու վախի մթնոլորտի տարածման փորձերը։
Ու որպեսզի նա հաջողի այդ ընթացքում, նրան անհրաժեշտ է բացի գործնական քայլերից ստեղծել նաև պատրանք, որ այն ամենը ու բոլոր նրանք, որոնք կանգնած են Արցախի ազատագրման ու Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում, կեղծ են ու կործանարար, պատերազմի հրձիգներ են, իրականությունից կտրված մարդիկ, թալանչիներ ու մարդասպաններ։
Բացի Հայաստանի Երրորդ Հանրապետությունը քայքայելու ու վերջնականապես փլուզելու ջանքերից, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հարձակումը պայմանավորված է նաև թերարժեքության բարդույթով, դավաճանի այն գիտակցմամբ, որ իր դավաճանությունը կարող է փոքր-ինչ մեղմվել գոնե սեփական աչքում, եթե հաջողվի սևացնել այն մարդու անունը, որը Նիկոլի ձևակերպմամբ՝ «իր նախագահության տարիներին կտրված էր իրականությունից»։
Բայց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «իրականությունից կտրված այդ տարիներին» Արցախը փաստացի ազատագրվեց, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծվեց անվտանգային հզոր պատնեշ, Ադրբեջանին պարտադրվեց հրադադար, միջազգային հանրությունը Արցախի հարցը չդիտարկեց որպես տարածքային վեճ ու Հայաստանը չճանաչվեց ագրեսոր։ Հայաստանի Հանրապետությունը խուսափեց քաղաքացիական պատերազմից, ինչը այդ տարիներին սկիզբ էր առել հարևան Վրաստանում ու Ադրբեջանում, Հայաստանը ճեղքեց էներգետիկ ճգնաժամը ու հաջողեց հաղթահարել Խորհրդային Միության փլուզված տնտեսության հետևանքները ու վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանն արժանապատվորեն հեռացավ՝ թույլ չտալով ներքին բախումներ։
Իսկ «իրապաշտության հայր» Նիկոլ Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը, վանեց դաշնակիցներին՝ փոխարենը ձեռք չբերելով ոչ մի այլ դաշնակցային ու լուրջ գործընկերային հարաբերություններ, իր հայտարարություններով Արցախի հարցը ինքնորոշման իրավունքից վերածեց տարածքային վեճի, հրահրեց պատերազմ ու Արցախը թուրք-ադրբեջանական միության դեմ թողեց մենակ, հանդիսանալով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ Արցախը հանձնեց Ադրբեջանին, միաժամանակ տալով շուրջ 5000 զոհ։ Իր գործողություններով կամ անգործությամբ նպաստեց Արցախի բռնի տեղահանմանն ու ամբողջական հայաթափմանը` Ալիևի կողմից արժանանալով գովեստի խոսքերի։ Փլուզեց Հայաստանի շուրջ ստեղծված պատնեշն ու անվտանգային համակարգը, Ադրբեջանը օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքներն ու հասավ իր բաղձալի երազանքին՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Եվ վերջապես ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զոհել մարդկանց կյանքերը, բայց ոչ մի կերպ չհրաժարվել իր աթոռից։
Կարեն Կարապետյան