Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Թուրքե’ր, ներեք, որ ցեղասպանեցիք մեզ, մենք ենք մեղավոր. այսուհետ ՀՀ դեսպաններն այս ուղերձն են հղելու աշխարհին

Blog Image

ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների տարեկան աշխատաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր պատմության բոլոր աղետների պատճառն այն է, որ մենք չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ, իսկ Վաշինգտոնում տեղի ունեցածը նշանակում է, որ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ՝ միջազգային պրոցեսների հետ։

Նման հայտարարությունը նախ՝ զուրկ է ազգային արժանապատվությունից։ Սխալվում են բոլոր նրանք, որոնք կարծում են, որ ռեալ քաղաքականությունն արտահայտվում է հանիրավի ինքնախարազանմամբ։ Երկրորդը՝ սեփական իրավունքներից ուղիղ հրաժարումը հանգեցնում է ոչ թե իրավահավասար հարաբերությունների, այլ առաջացնում է ծառայի կախվածություն՝ տիրոջից։ Թույլերին ու անինքնասերներին չեն հարգում ո’չ միջազգային, ո’չ էլ միջանձնային հարաբերություններում։ Չորրորդ՝ եթե կենտրոնանանք միայն նորագույն պատմության էջերին, ապա նման հայտարարությունը հերթական զիջումն է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե’ Հայոց ցեղասպանության, թե՛ արցախյան երկու պատերազմներում մեղավորը հայերն են։ Հինգերորդ՝ հայերը հազարամյակներով եղել են անմիտ, ոչինչ չհասկացող, բոլորի ոտքի տակ ընկնող, բոլորին խանգարող, պատերազմներ հրահրող, թուրքերին հանիրավի մեղադրող, ադրբեջանցիների «հողերի» վրա աչք դրած մի խառնամբոխ ու միայն Նիկոլ Փաշինյանն էր, որ կասեցրեց հազարամյակների մեր աղետալի ընթացքը ու Վաշինգտոնում մեր քաղաքականության տակտը համահունչ դարձրեց միջազգային պրոցեսներին։

Ողբերգական է, որ այս աշխատաժողովին դեսպանի կարգավիճակով ներկա էին քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք ականջները կախ լսում էին Նիկոլ Փաշինյանի՝ սեփական անձը փառաբանելուն միտված բարբաջանքը։ Բարբաջանք, որի հիմնական նպատակն այն էր, որ «Չկա Ալլահ, Ալլահից բացի և Փաշինյանն է նրա միակ մարգարեն»։ Սակայն գուցե որևէ ողբերգություն էլ չկա, գուցե իրական ողբերգությունն այն է, որ անցյալում այդ մարդիկ հայտնվել էին այնտեղ, որտեղ չպետք է լինեին ու նրանց իրական տեղն այսօր այստեղ է, Նիկոլ Փաշինյանի կողքին։

Պատկերացրեք մի երկիր, որի ղեկավարը ուղիղ տեքստով հայտարարում է, որ իրենց պատմության բոլոր աղետների մեղավորը հենց իրենք են ու տեսնում դիմացը նստած հարյուրավոր կախ ականջներով ունկնդիրներ, որոնք ի պաշտոնե պարտավոր են այդ բարբաջանքը վաղը ռեալիզացնել այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններում։ Այդքանից հետո իրավունք ունե՞ն փաշինյանական բարբաջանքի այդ «բարիգները» շարունակեն իրենց դիվանագիտական գործունեությունը, եթե տեղի ունենա իշխանափոխություն։ 

Միանշանակ ո’չ, քանի որ միֆ է այն ձևակերպումը, որ «ես ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հանրապետության դեսպանն եմ ու ծառայում եմ պետությանը»։ Սա խաբկանք է, մանիպուլյացիա պողոսների ականջների համար։ Բոլոր դեսպանները երկրի ղեկավարի արտաքին քաղաքական կուրսի իրականացնողներն են ու հավասար պատասխանատվություն են կրում բոլոր հետևանքների համար։ Եթե նրանք այսօր համարում են, որ Վաշինգտոնում, Փաշինյանի ձևակերպմամբ, «մեր քաղաքական տակտը համահունչ է դարձել միջազգային պրոցեսներին», նշանակում է բոլոր այս դեսպանները «Զանգեզուրի միջանցքի» նույն հանձնողներն են, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր այս դեսպանները Արցախը նույն հանձնողներն են, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր այս դեսպանները Հայաստանը թուրք-ադրբեջանական իշխանության տակ նույն դնողներն են, ինչ Նիկոլ Փաշինյանը…

Հետևաբար, իշխանափոխությունից հետո այսօրվա դեսպաններից և որևէ մեկը չպետք է իրավունք ունենա շարունակելու իր դիվանագիտական աշխատանքը, քանի որ հատված է այն սահմանագիծը, երբ «արհեստավարժությունը» հիմք էր հանդիսանում խոնարհաբար ծառայելու բոլոր իշխանություններին։

Կարեն Կարապետյան

Send