Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ։
ԱՐՑԱԽԻ ԵՐԿԱՄՍՅԱ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍՔԻՑ ԱՆՑՆԻ ԳՈՐԾԻ։
Այս մասին ասված է ԱՀ տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։
Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։
Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը:
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար:
Արցախում միրգը, բանջարեղենը և ձուն սպառողներին կտրամադրվեն միայն կտրոններով։
Հաշվի առնելով շրջափակման հետևանքով առաջացած մթերքների սղությունն ու բնակչության շրջանում հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին (բրինձ, շաքարավազ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ) կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տուժել է տնտեսության 41 ոլորտ։
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը մանրամասնել է, որ տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների արտադրության, միրգ-բանջարեղենի, մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունները՝ բացառությամբ, եթե իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակներում կացության ապահովումը։
Ա. Մուսայելյանը նշել է, որ մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության պատճառով:
Էլեկտրամատակարարման համակարգի գերծանրաբեռնվածությունը շղթայական վթարների է հանգեցնում։
Հատկապես վերջին օրերին գազամատակարարման հերթական խափանման, տեղացած ձյան և օդի ջերմաստիճանի նվազման պայմաններում զգալիորեն աճել է էլեկտրամատակարարման համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչի հետևանքով շղթայական վթարներ են տեղի ունեցել համակարգում՝ լրացուցիչ ժամկետով զրկելով բաժանորդներին էլեկտրամատակարարումից:
Այս մասին հայտնում են «Արցախէներգո» ընկերությունից` հորդորելով հատկապես մայրաքաղաքի բաժանորդներին հնարավորին տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։
Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում նույնիսկ հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Չնայած ծանր շրջափակմանը՝ երկրաշարժից տուժած սիրիահայերին աջակցելու համար Արցախի Կառավարությունը դրամահավաք է կազմակերպել։
Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի ողջ հայության հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:
Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, նույնպես որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:
Կառավարությունը կոչ է արել Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած սիրիահայերին: Նվիրատվությունները ՀՀ դրամով հնարավոր է կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։
Փետրվարի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 7 հիվանդ բուժման նպատակով տեղափոխվել է Հայաստան։
1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Փետրվարի 12-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 25,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 64 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
6,828 երեխա այլևս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։