Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Լիլիթ Մակունցի թռիչքաձև անկումը. 2026-ից հետո Փաշինյանը նրան ո՞ւր կտեղավորի

Blog Image

Լիլիթ Մակունցը կնշանակվի Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: Այս մասին այսօր հայտարարեց հենց Փաշինյանը:

Կարիերայի թռիչքաձև անկումը հենց այս տեսքն է ունենում... Թեև, ազնիվ լինենք՝ Մակունցի պարագայում հարկ է զարմանալ ոչ թե նրա այս անկման, այլ տարիներ առաջ ոչ մի բանից, բառի բուն իմաստով՝ զրոյից ԱՄՆ նման գերտերությունում դեսպան նշանակվելուն, քանզի այն, ինչ այսօր է իր հետ տեղի ունենում, դրա տրամաբանական շարունակությունն է: 

Ամիսներ շարունակ մամուլը գրում էր այն մասին, որ Փաշինյանը դժգոհ է Լիլիթ Մակունցից, քանզի վերջինս որևէ կերպ իր դեսպանության տարիներին չի նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը, իսկ այն, ինչ տեղի է ունեցել հատկապես վերջին ամիսներին՝ ՀՀ-ԱՄՆ մերձեցման կոնտեքստում, դրանում Մակունցի դերակատարումը զրոյական է, ամենը պայմանավորված է գլոբալ տարածաշրջանային զարգացումներով ու դրանում ԱՄՆ դերի ամրապնդմանն ուղղված քայլերով, այլ ոչ թե ինչ-որ մեկի ջանքերով: Առավել ևս, որ որպես այդպիսին՝ Մակունցը որևէ ջանք չի էլ գործադրել: 

MediaHub-ի աղբյուրները պատմում են, որ Մակունցն ընդունելի չի եղել ո՛չ հայ համայնքի կողմից, ո՛չ էլ ամերիկացի պաշտոնյաների. դիվանագիտական շրջանակները շատ կոշտ են բոլոր նրանց նկատմամբ, որոնք նման պաշտոնների են նշանակվում «դրսից», առանց որևէ հետագծի, առանց արտաքին գործերի նախարարության հետ կապ ունենալու, ինչ-որ մեկի ուղղակի ցանկությամբ: Նրանք այդպես էլ մնում են «чужак»: 

Հիշենք՝ Մակունցի նշանակմանը կտրականապես դեմ է եղել նաև այն ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, սակայն ի՞նչ կարող էր նա անել Փաշինյանի որոշման դեմ: Հատկապես, երբ հայտնի էր՝ Մակունցը Աննա Հակոբյանի մտերմուհին է, Փաշինյանի ընտանիք մտել-դուրս է եկել, շատ բան է տեսել ու շատ բան գիտի: Հետևապես, ԱԳ նախարարի դժգոհությունը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ, և դեսպան նշանակվելու հաջորդ օրն իսկ  նրան շնորհվեց արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Ի դեպ, հենց այն հանգամանքը, որ Մակունցը Փաշինյանի ընտանիքի մտերիմն է, ենթադրել է տալիս, որ խորհրդականի «ստից» պաշտոնին նա երկար չի մնա, դա ժամանակավոր լուծում է, և 2026-ի ընտրություններից հետո մի պաշտոնի կնշանակվի: Փաշինյանը սիրում է իրեն շրջապատել կին պաշտոնյաներով, այնպես որ, հավանական է, որ Մակունցի համար էլ իր կաբինետում մի պաշտոն կգտնվի, կամ նա կվերադառնա ԱԺ: Ասում են՝ 2026-ից հետո Փաշինյանը մտադիր է ԱԺ նախագահ փոխել, անգամ կին է դիտարկում, թեև, մյուս կողմից, Ալեն Սիմոնյանը իրեն շատ լավ արդարացնում է ընդդիմության դեմ մղվող պայքարում ակտիվ իր դերակատարությամբ...

Ինչ մնում է Մակունցին, ապա բոլորն են հիշում, թե ինչպես նա չկարողացավ անգամ «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարել, ինչպես էին թիմում դեմ իր նշանակմանը և բանի տեղ չէին դնում... բայց դա երբեք Նիկոլի համար կարևոր չի եղել, որոշումները ինքը միշտ կայացրել է միանձնյա և այսօրվա ճեպազրույցի ժամանակ էլ հենց այդպես էլ ասեց՝ «կառավարությունը ե՛ս եմ, ով չի կիսում իմ դիրքորոշումը, թող դիմում գրի»:

Send