Իսրայելի հարձակումն Իրանի վրա անակնկալի չէր կարող բերել ոչ ոքի։ Այդ հարձակմանը պատրաստվում էին բոլորը, այդ թվում նաև Հայաստանը։ Այո՛, թող ոչ ոքի զարմանալի չթվա, Հայաստանը նույնպես պատրաստվում էր, բայց յուրովի։ Խոսքը բնականաբար անվտանգային համակարգն ուժեղացելու կամ զորքերը մարտական պատրաստության բերելու մասին չէ, այլ «փրկագին» վճարելու։
Իրանը, բնականաբար, առաջնորդվելով իր պետական շահերով՝ տարածաշրջանում Հայաստանի բնական դաշնակիցն է, թերևս միակ այն դաշնակիցը, որը հանդիսանում է Սյունիքի անվտանգության երաշխավորը՝ ի ամոթ ու խայտառակություն մեզ։ Ներկայումս Իրանի թուլացմամբ, Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունների առկայությամբ Հայաստանը վերածվում է «բաց դռներով» տարածքի ու առաջին հարվածները կարող են սպասվել Սյունիքի ու Արարատի մարզերում, հատկապես հաշվի առնելով թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկու ուղղություններով։
Հայաստանը իրականում հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ հնարավոր ագրեսիայի դեպքում չի ունենալու որևէ դաշնակից։ Արևմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի դաշնակիցը Թուրքիան է, իսկ Ֆրանսիան պատմականորեն երբեք հուսալի գործընկեր չի եղել Հայաստանի համար։ Տեսականորեն ճոռոմ բառերի հետևում գործնականորեն չի եղել ոչինչ։
Ու ահա սպասվելիք ագրեսիան դիմագրավելու միակ ռեսուրսը, ըստ Փաշինյանի, հերթական ու կարևորագույն զիջումն է Ադրբեջանին ու այդ ժամանակավոր «փրկագինն» այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցին է։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը շատ լավ է հասկանում, որ չի կարելի ուղղակի խառնվել նույնիսկ հարևան, նույնիսկ թշնամի պետության հոգևոր գործերին ու հանդես է գալիս Փաշազադեի դեմքով, իսկ Փաշինյանը քանի որ չունի որևէ մեկը, ում կարող է վստահել կամ ում վրա կարող է հենվել, «մարտի» է նետվել հենց ինքը։
Եթե Փաշինյանին հաջողվի հեռացնել Վեհափառին, ապա լիովին բավարարած կլինի Ալիևի պահանջը, քանի որ Վեհափառի հեռացման հաջորդ քայլը լինելու է եկեղեցու ՔՊ-ականացումը։ Բնականաբար ՔՊ-ականացում ասելով պետք չէ հասկանալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս է լինելու, օրինակ, Վահագն Ալեքսանյանը, իսկ Վաղարշակ Հակոբյանը՝ Սրբազան (երկուսն էլ ամուսնացած չեն ու եթե Փաշինյանը հրահանգի, միանշանակ է, որ կուսակրոնություն կընդունեն)։ Փաշինյանը եկեղեցիները կլցնի այնպիսի մարդկանցով, որոնք զուրկ կլինեն ազգային խնդիրներին հետամուտ լինելու ցանկություններից, երբևէ չեն տա Արցախի անունը, «չեն զբաղվի քաղաքականությամբ» ու նրանց միակ զբաղմունքը կլինի պատարագներ մատուցելը, մեռելներ թաղելը, կնունք ու հարսանիք անելը։
Վճարելով այդ «փրկագինը»՝ Փաշինյանը հույս ունի ժամանակավորապես կանխել Հայաստանի շուրջ սեղմվող օղակը, բայց իրականում էլ ավելի է մոտեցնում այդ օղակը մեր վզին, առավել ևս, որ երբեք ոչ մի «փրկագին» չի կարող պատերազմի բացակայության երաշխիք լինել։ Իհարկե հավերժ վճարումները կարող են ազատել պատերազմից այն պարզ պատճառով, որ պատերազմի անհրաժեշտություն էլ չի լինի։
Սակայն իրականում այնպես չէ, որ Հայաստանը գտնվում է անելանելի վիճակում։ Պատմությունը մարդու կամքից դուրս զարգացող երևույթ չէ, այն պայմանավորված է մարդով ու հենց մարդն է մշտապես փոխել պատմության ընթացքը։ Հետևաբար, եթե փոխվի Հայաստանի իշխանությունը, հնարավորություն կունենանք նաև մեր վզից հանելու խեղդող օղակը, հակառակ պարագայում ոչ մի նշանակություն չի ունենա՝ Հայաստանում կլինի՞ պատերազմ, թե՝ ոչ, որովհետև Հայաստանն ինքը արագ տեմպերով դադարում է գոյություն ունենալուց։
Կարեն Կարապետյան