Օրերս հայտնի էր դարձել, որ Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարների վարորդներին տարել են ՊԵԿ, իսկ երեք միավոր բեռնատար մեքենա առգրավել էին։ Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը MediaHub-ի հետ զրույցում նշել էր․ «Ինչ ունեմ, օրինական ճանապարհով է, իմ սեփականությունն է, իմն է, ինչքան ուզում են, թող հարցաքննեն իմ մասին, գան խուզարկեն, մեկ է ոչինչ չեն գտնի։ Այն ամենն, ինչ պատկանում է ինձ, պատկանում է օրինական և իրավական ճանապարհով»։
Այդ դեպքերից հետո ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նշել էր, որ իրենց համոզմամբ՝ այս գործընթացն ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։
Բռնի տեղահանության ժամանակ Նժդեհ Իսկանդարյանն իրեն պատկանող շինարարական տեխնիկան տեղափոխել է Հայաստան, տեխնիկան վաճառել է բանկին, ապա այդ գումարով նոր տեխնիկա է գնել և դրել է աշխատանքի մեջ։ Իսկանդարյանը մի քանի ընկերությունների հետ էր համագործակցում, սակայն, Իսկանդարյանին ՔԿ կանչելուց հետո և ՊԵԿ–ում բեռնատարների վարորդներին հարցաքննելուց հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, ընկերություններին, որոնց հետ համագործակցում էր Արցախի պետնախարարը, հրահանգել են գործ չտալ Իսկանդարյանին։
MediaHub-ի հետ զրույցում Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Ամեն ինչ շարունակում են անել, որ մարդ չկարողանա աշխատի։ Սա քաղաքական հետապնդում է, «բոլորի բերանները փակում են», մի կողմից ճնշումներն են, մյուս կողմից մարդիկ անցել են աշխատանքի, բայց չեն թողնում աշխատել»,– նշեց Իսկանդարյանը։
Նշենք, որ նման բռնաճնշումները կանխատեսելի էին, հատկապես վերջին հանրահավաքից հետո և Նժդեհ Իսկանդարյանի ակտիվությամբ պայմանավորված:
Մարիաննա Արամյան