Եվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի նկատմամբ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու մտադրության մասին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես:
«Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն բոլոր իրավունքները վերականգնելու զենքի մատակարարման, բանկային ծառայությունների և միջուկային արդյունաբերության համար սարքավորումների մատակարարման վրա համաշխարհային էմբարգոն, որը վերացվել էր 10 տարի առաջ: Առանց Իրանի կողմից հստակ, շոշափելի և ստուգելի պարտավորությունների, մենք դա կանենք ոչ ուշ, քան օգոստոսի վերջը», - ասել է նա:
Նախարարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ֆրանսիայի՝ իրանական բանտերում պահվող քաղաքացիներին, ինչպես նաև վերսկսել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչների աշխատանքն իրանական միջուկային օբյեկտներում: «Անհրաժեշտ է վերսկսել դիվանագիտական գործընթացը, որը թույլ կտա մեզ հասնել կարգավորման և համաձայնության գալ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի շրջանակի շուրջ», - ասել է Բարոն: