Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դատավոր Ռշտունուն գովաբանողներն ու քննադատողները իրարից չեն տարբերվում՝ երկուսն էլ վնասում են դատական համակարգի հեղինակությանը

Blog Image

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, որոշեց փոխել այսպես կոչված «ահաբեկչության» գործով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ փոխարինելով վարչական հսկողությամբ։ Ռշտունու այս որոշումից անմիջապես հետո սկսվեց վայնասուն և օվացիաներ համացանցում։ Վայնասունը, բնականաբար, նիկոլականների, իշխանական ու իշխանամերձ գործիչների կողմից, օվացիաները՝ ընդդիմադիրների, ընդդիմադիր հայացքներով փաստաբանների և հականիկոլական դեմքերի կողմից։ 

Ընդդիմադիրները, բնականաբար, գովաբանում են Ռշտունուն, որ նրա պես արդարամիտ, անկախ, որևէ մեկի զանգից կախում չունեցող, միայն օրենքով ու խղճով առաջնորդվող արդարամիտ դատավոր չկա, նիկոլականներն էլ քննադատում են, թե նա նախկիններին ծառայող և անարդար ակտեր կայացնող դատավոր է։ Այս վերջիններին հակադարձում են, թե՝ երանի տվեք, որ վաղը ձեզ Ռշտունու պես դատավոր դատի։ Իհարկե, նիկոլականների գործած մեղքերն այնքան շատ են, որ նույնիսկ ներկայիս իշխանության սրտի դատավոր Մասիս Մելքոնյանը կդժվարանա նրանց ազատ արձակել, բայց սա լրիվ այլ թեմա է։

Իրականում, դատավոր Վազգեն Ռշտունուն գովաբանողներն էլ, քննադատողներն էլ իրարից չեն տարբերվում, որովհետև երկուսն էլ առաջնորդվում են երկակի ստանդարտներով՝ այդպիսով վնաս հասցնելով թե՛ դատավոր Վազգեն Ռշտունուն, թե՛ դատական համակարգի անկախությանը, առհասարակ։

Սա լավ կլիներ՝ գիտակցեին, նախ, ընդդիմադիրները, որոնք հավակնում են նորից գալ իշխանության՝ անկախ դատական համակարգ և արդարություն խոստանալով բոլորիս։ Ինչպե՞ս եք դատական համակարգի անկախությունը երաշխավորելու՝ ձեր պատկերացումներին և ձեր շահերին համահունչ դատական ակտ կայացրած դատավորներին փառաբանելով, իսկ հակառակ ակտ կայացրածներին քարկոծելով ու քննադատելո՞վ։ Բա ինչո՞վ եք տարբերվում ներկայիս իշխանավորներից, որոնք բառացիորեն նույն բանն են անում՝ իրենց օգտին վճիռներ կայացնող, իրենց քաղաքական հակառակորդներին կալանավորող դատավորներին գովաբանում են և առաջխաղացում ապահովում նրանց համար, իսկ ընդդիմադիրներին կալանքից ազատողներին կամ իրենց քիմքին ոչ հաճո դատական ակտ կայացնողներին՝ քարկոծում, սևացնում և կարգապահական վարույթներով ճնշում։

Վստահաբար Վազգեն Ռշտունին լավ չի զգա ընդդիմադիր դաշտից եկող այս օվացիաներից, որովհետև ինքը շատ լավ գիտակցում է, որ վաղը, եթե մեկ այլ դեպքով ինքն ընդդիմության ենթադրյալ ակնկալիքները չբավարարող դատական ակտ կայացնի, այդ նույն ընդդիմադիրները, որ այսօր իրեն ծափահարում են, նույն կերպ քարկոծելու են՝ ոչնչով չտարբերվելով իրեն այսօր քննադատող իշխանականներից։ Ռշտունուն այսօր հերոսացնողները, վաստահաբար, ծանոթ չեն Ռշտունու կայացրած բոլոր դատական ակտերին ու չեն կարող ասել՝ արդյոք բոլոր գործերո՞վ է Ռշտունին իրենց պատկերացումներին համահունչ արդար դատական ակտեր կայացրել, թե՞ կան ակտեր, որոնցով անգամ բոլոր ժամանակների արդարամիտ դատավոր Վազգեն Ռշտունին է «վրիպել» և անարդար վարվել։

Ի վերջո, ի՞նչ է նշանակում՝ գնահատել դատավորի կայացրած դատական ակտը։ Դատավորն առաջնորդվում է օրենքով, խղճով և համոզմունքներով։ Հիմա դուք՝ Ռշտունուն փառաբանողներդ և քննադատողներդ, Ռշտունու ի՞նչն եք գնահատում կամ կասկածի տակ առնում, նրա՝ օրենքների իմացությունն ու օրենքի տառին հետևե՞լը, թե՞ դատավորի խիղճն ու համոզմունքները։ Դուք, ի՞նչ է, մի նոր դատավո՞ր եք՝ դատավորների գլխին, թե՞ հավատաքննիչ եք։ 

Հ․Գ․ Ռշտունու մասին երկակի ստանդարտներով համեմված բազմաթիվ գրառումների մեջ մի գրառում ուշադրությունս գրավեց՝ մերձիշխանական ընդդիմադիր գործիչ Դավիթ Սանասարյանի գրառումը։ 

Սանասարյանը գրում է․ «Ռշտունուն այն ժամանակվա իշխանավորները նույնպես չէին սիրում։ Երբ պաշտպաններս իմացան, որ գործս հենց նրա մոտ է՝ ասացին. «Ռշտունին անարդար որոշում չի կայացնի»։ Հարգելիներս, եթե դատարանի որոշումը ձեր սրտով չէ, մի շտապեք դատավորին արատավորել։ Հնարավոր է՝ խնդիրը քննիչների ու դատախազների կիսատ-պռատ պատրաստած գործի մեջ է։ Ես այդ գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց մի բանում համոզված եմ․

Հայաստանին պետք են Վազգեն Ռշտունու նման դատավորներ՝ մարդիկ, որոնք չեն ենթարկվում տվյալ պահի իշխանության հրահանգներին և որոշումներ են կայացնում օրենքի և խղճի հիման վրա։ Այս խառնակ ժամանակներում մարդուն կարող են մի ակնթարթում դարձնել «դավաճան», «սրիկա», «ծախու» կամ «կոռումպացված»՝ միայն ֆեյքագրոհով, առանց մտածելու նրա բարի համբավի, ընտանիքի (հատկապես՝ երեխաների) և շրջապատի ընկալումների մասին»։

Թերևս արժե, որ հատկապես Ռշտունուն քննադատող իշխանականները օրինակ վերցնեն Դավիթ Սանասարյանից։

Վահե Մակարյան

Send