Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը դժգոհություն է հայտնել դատական գործընթացի ձգձգվելուց

Blog Image

Ինչպես MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր-Նորքի նստավայրում տեղի ունեցավ 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Դատական նիստի ընթացքում Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, պատասխանեց փաստաբանի և դատախազի հարցերին: Որոշ դրվագներ կային, որոնք Ալեն Սիմոնյանը լավ չէր հիշում և մեղադրյալ կողմի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը, որ նա տվել էր 2020 թվականին, հրապարակվի: Դատավորն ընդառաջեց Լևոն Երանոսյանի փաստաբանին:

Քանի որ դատական նիստին այլ տուժողներ բացակայում էին, դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգել, նաև որոշում կայացրեց, որ այն տուժողները, որոնք ի սկզբանե ցուցմունք չեն տվել, նրանց բերման ենթարկել՝ ցուցմունք տալու համար:

MediaHub-ը Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ԱԺ նախագահը գնահատում գործընթացը.

«Ալեն Սիմոնյանի կարծիքով բավականին երկար է տևում գործընթացը: Դեպքը տեղի է ունեցել հինգ տարի առաջ և ահա հաջորդ նիստը պետք է տեղի ունենա ապրիլին»,- նշեց խոսնակը:

Նշենք, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին:

Send