Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմը սանձազերծել է լայնածավալ պատերազմ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցում էին նաև հանրապետության և Ազգային ժողովի նախագահները:
Արդյունքում որոշում կայացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Արդյունքում որոշվեց, որ ՀԱՊԿ-ն աշխատանքային խումբ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու համար։ Այն բաղկացած կլինի միացյալ շտաբի քարտուղարության աշխատակիցներից և զինվորական անձնակազմից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեցա քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:
- Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց Ղազախստանի օրակարգում դեռ չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք հայտարարությունը:
- Նորմալ է, այլ բան պետք էլ չեր սպասել: ՀԱՊԿ-ն այնպիսի կառույց է, որը ստեղծված է որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, Ղազախստանում ներքաղաքական խնդիրների դեպքում արձագանքելու համար և պետք չէ սպասել, թե Ղազախստանը կամ Բելառուսը, որևէ այլ ագրեսիայի դեպքում Հայաստանի համար, կամ ՌԴ-ի համար զորախումբ կուղարկեն: Նույնիսկ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ընթացքում Ղազախստանը հայտարարություն արեց, որ ռազմական ուժ չեն ուղարկելու, առավել ևս Ադրբեջանի դեմ շանս չկար, որ կարող է զորախումբ ուղարկեն:
- Սահմանային իրավիճակի սրացումից հետո դարձյալ ակտիվացավ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության թեզը, որքանո՞վ է դա հավանական:
- Առաջին հերթին պետք է վերլուծել և հասկանալ, թե ՀԱՊԿ-ից դուրս գալով ինչ խնդիր է լուծում Հայաստանը: Եթե մենք ունենք այլ անվտանգային տարածություններ, և այլ անվտանգային հնարավորություններ, որոնց ՀԱՊԿ-ը խանգարում է, ապա նպատակահարմար կլինի դուրս գալը և ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները կքննարկեն այդ տարբերակը: Բայց եթե դուրս ենք գալու ուղղակի որպես դեմարշ, ապա դրա նպատակահարմարությունը կասկածելի է: