2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը փաստացի Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է, և Հայաստանը, որպես պարտված կողմ, պարտավորություններ է ստանձնել, որոնցից մեկն էլ «Ղարաբաղից հայկական զինված խմբավորումները» դուրս բերելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ԱՊԱ գործակալությունը։
«Մինչև այսօր այդ հարցը լուծում չի ստացել։ Հայաստանը չի կատարում իր այդ պարտավորությունը՝ չնայած նոյեմբերի 10-ի համաձայնագրին։ Մենք այդ հարցը նաև ռուսական ռազմական ղեկավարության առջև ենք բարձրացրել, և մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով այցով Ադրբեջանում էր, մեր ՊՆ-ին խոստացել է, որ մինչև հունիս հայկական զինված խմբավորումները դուրս կգան Ղարաբաղից։ Բայց արդեն հուլիսի կեսն է, և այդ հարցը լուծված չէ։
Ալիևը կրկին հնչեցրել է հերթական սպառնալիքը։
«Եթե Հայաստանը չի ցանկանում իր զինված խմբավորումները դուրս հանել, ապա թող բացեիբաց ասի մեզ այդ մասին, մենք գիտենք՝ ինչ կանենք։ Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը․ հավանաբար, հիմա տեղին չէ այդ մասին խոսելը»,- ասել է Ալիևը։