Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող և շինծու քրեական գործերով մեղադրվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ նիստերի որոշումներին և արձանագրություններին:
Բացի այդ, Արցախի նախկին պետնախարարը խնդրել է ավելի վաղ ներկայացված միջնորդությունների մասին որոշումների քաղվածքը։ Դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ Վարդանյանի և նրա պաշտպանի համար պայմաններ կստեղծեն պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
MediaHub-ը կապ հաստատեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանո՞վ կբավարարվի Վարդանյանի պահանջը: Սահակյանի խոսքով՝ դատավորները մերժել են Վարդանյանին լիարժեք ծանոթանալ գործի նյութերին՝ միաժամանակ դրանց կցելով կեղծված գրառումներ։
Նրա խոսքով՝ Վարդանյանի հիմնարար իրավունքները մերժում են և մեկուսացնում միջազգային աջակցությունից։ Նման մոտեցումը կոպտորեն խախտում է ինչպես Ադրբեջանի օրենքները, այնպես էլ արդար դատարանի միջազգային չափանիշները. «Պարոն Վարդանյանը այն եզակի հայն է, ով մեծ դժվարություններով, բայց կարողացել է ներգրավել մասնավոր փաստաբան, որը թեև Ադրբեջանում արտոնագրված է, բայց առնվազն հանրային պաշտպանի արատավորված համակարգի մաս չի կազմում, բայց ողջ դատավարության ընթացքում կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը ամբողջովին ոտնահարված է եղել»:
Սահակյանը նշեց, որ Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող մյուս հայերը նույնպես իրենց իրավունքները իրացնելու փորձեր են կատարել, բայց իրացվելիության աստիճանը տարբերվում է Վարդանյանի դեպքից։
Հարցին, թե մնացած հայերն արդո՞ք կարող էին մասնավոր փաստաբան ներգավել, թե ոչ, մեր զրուցակիցը նշեց. «Մյուսների պարագայում ոչ գործնական է եղել մի քանի պատճառներով՝ Ադրբեջանում համակարգային հայատյացության քաղաքականության գոյության դեպքում բազմաթիվ փաստաբաններ հրաժարվում են՝ խտրական հիմքով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասել էր՝ հունիսին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, որի ժամանակ նշել են, որ դա վերջին անգամն է, ու կազմակերպության ներկայացուցիչները զրկված են լինելու այցելություններ ունենալու հնարավորությունից:
Էմմա Մարտիրոսյան