Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ներողություն խնդրեց օրակարգից դուրս հարցի համար, բայց շեշտեց՝ հարցն ավելի կարևոր է, քանզի արդեն 9-րդ օրն է Արցախը շրջափակման մեջ է։
«Նախորդ արտահերթի ժամանակ ասացիք, որ պատրաստվում եք խաղաղության պայմանագրի նոր խմբագրված տարբերակը փոխանցել Ադրբեջանին։ Որո՞նք են Ադրբեջանի պահանջները»,- հարց ուղղեց նա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Գրիգորյանը պատասխանեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը, այսպես կոչված, բնապահպանների քողի ներքո փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում: Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է համագործակցել բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի։
Այնուհետև, Գրիգորյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին աշխատել նաև ՌԴ-ի հետ, քանզի նոյեմբերի 9-ի պայմանագրով՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ագնեսա Խամոյանն էլ արձագանքեց, որ թեպետ ՀՀ իշխանությունները հրաժարվել են, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, բայց սա ամեն դեպքում ամրագրված է Կառավարության ծրագրում։
«Դա Ձեր գնահատականն է իշխանության նկատմամբ, մենք աշխատում ենք նաև ՌԴ-ի հետ, որ հնարավորինս արագ ճանապարհը բացվի»,-ամփոփեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։