Այն խոսակցությունները, որ ձեզ հասել են, թե 60-ից ավելի ուսանող է հեռացման եզրին, կեղծ են: Մոտ 40 ուսանող է, որոնց հեռացման որոշումն արդարացված է։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր Լյովա Ասատրյանը՝ ավելացնելով, որ չորս անգամ այդ ուսանողներին հնարավորություն է տրվել լուծարքային քննությունները հանձնել, բայց նրանք չեն հանձնել, ու «մի բան էլ բողոքում են, որ հնարավոր է հեռացվեն»։
Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub.am-ի հետ զրույցում ինստիտուտի ուսանողներից մեկը պատմել էր, որ այսօր 60-ից ավելի ուսանող բուհից հեռացման եզրին է, քանի որ նոր ռեկտորը կրեդիտային համակարգում փոփոխություններ է իրականացրել։
Ռեկտորի խոսքով՝ 555 ուսանողներից մոտ 40-ը անբավարար են ստացել քննությունները, որից հետո որոշում է կայացվել՝ նրանք պետք է կուրսը կրկնեն։
«Չեն ուզում սովորեն ու ուզում են՝ կուրսից կուրս տեղափոխվեն։ Շատ անգամ ենք նրանց զիջել, ընդառաջել, բայց նույն պատկերն է։ Հիմա հստակ ասում ենք՝ եթե ուզում եք բժիշկ դառնալ, ապա պետք է գոնե չորս անգամ նույն առարկան հանձնեք ու դրական ստանաք ։ Սովորել են, որ կուրսից կուրս կարող են տեղափոխվել՝ առանց սովորելու։ Եկել ինձ հետ խոսում են, ասում են՝ եկեք, հիմա մեզ տեղափոխեք, մյուս կուրսերի վրա թող այդ որոշումն անդրադառնա»,-ասաց նա։
Խոսելով կրեդիտային համակարգի փոփոխությունների մասին՝ ռեկտորը շեշտեց, որ այս գործելաոճը բժշկական կրթական համակարգի համար չէ։
«Առարկաների հաջորդականություն կա, եթե դու ֆիզիոլոգիա չգիտես, ապա հաջորդ կուրսում ինչպե՞ս ես ախտաբանական ֆիզիոլոգիա սովորելու։ Ուսանողների այն մոտեցումը, թե մինչև ավարտելը կհանձնեն, սխալ է, որը սարսափելի խառնաշփոթ է առաջացրել։ 6-րդ կուրս են հայտնվել 2-րդ կուրսի առարկաներ չհանձնած, սա անթույլատրելի է։ Կրեդիտը ուսանողների կրթվելու շարունակության համար է, ոչ թե նրա համար, որ ուսանողը մինչև վերջին կուրս առաջին կուրսի պարտքերը մարի»,-ընդգծեց ռեկտորը։
Ուսանողներից էլ MediaHub-ին պատմեցին, որ այսօր հանդիպել են ռեկտորի հետ և վերջինս ասել է՝ կարող է բավարար գնահատել միայն այն պայմանով, որ ուսանողներն ինքնակամ դուրս գան համալսարանից։ Ասատրյանը շեշտեց՝ այո, իր խոսքերն են.
«Եթե գնահատականի համար են սովորում, կնշանակեմ, թող գնան այլ տեղ սովորեն, մաքսիմալ փորձում եմ իրենց օգնել։ Եթե գիտելիքի համար են սովորում, ապա պետք է այս կանոններն ընդունեն»։
Ուսանողների համար ամեն դեպքում հասկանալի չէ, թե ինչու է այս կանոնները գործում այն ուսանողների դեպքում, որոնք այլ պայմանագիր են կնքել.
«Ոչ բոլոր ուսանողների պատմությունն է նույնը, ես միայն մեկ առարկա է, որ չեմ հանձնել, ու արդար չէ կուրսը կրկնել միայն այդ առարկայի պատճառով, ինքս պատրաստ եմ հանձնել, միայն թե հնարավորություն տան»,-ասաց ուսանողներից մեկը։
Լիաննա Թորոսյան