Հունաստանը պաշտոնական բողոք է ներկայացրել Սերբիային՝ Հունաստանի հյուսիսում արտակարգ վայրէջք կատարելիս ականանետերով բեռնատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, հայտնում է AP-ն։
«Բելգրադում Հունաստանի դեսպանին հանձնարարվել է բողոք ներկայացնել սերբական [կառավարությանը]՝ բեռի բնույթի մասին Հունաստանի իշխանություններին նախապես ծանուցելու անհրաժեշտությունն ընդգծելու համար»,- ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:
Ուկրաինական ավիաընկերությանը պատկանող «Ան-1» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի ութ անդամները շաբաթ օրը մահացել են Հունաստանի հյուսիսային Կավալա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով, որին առնվազն երկու ժամ պայթյուններ են հաջորդել:
Սերբիայի պաշտոնյաները հայտնել են, որ ինքնաթիռը սերբական արտադրության 11,5 տոննա ականանետեր էր տեղափոխում Բանգլադեշ եւ պետք է կանգառ ունենար Հորդանանի Ամման քաղաքում:
Ականազերծման բրիգադները երկրորդ օրն է աշխատում են վթարի շրջափակված վայրում՝ Կավալայի միջազգային օդանավակայանից մոտ 40 կիլոմետր դեպի արեւմուտք:
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը հայտարարել է, որ բանակի միջուկային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման մասնագետների կողմից վթարի վայրի զննությունից հետո վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել: