Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաստացի Հայաստանը ձեռքերը լվացել և հրաժարվել է Արցախից․ Ռուստամյան

Blog Image

Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվել է և դա կատարել է ապօրինի ձևով, երբ դա հռչակված է Կառավարության ծրագրում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Փաստացի Հայաստանը ձեռքերը լվացել և հրաժարվել է Արցախից։ Պետք է ձևավորվի շտաբ, որ բոլորը իմանան, թե Արցախին օգնելու համար ում դիմեն, որտեղ կլինեն հայտարարություններ հումանիտար խնդիրների վերաբերյալ, և դրանից բխող քաղաքական հայտարարություններ պետք է արվի՝ ի պաշտպանություն Արցախի»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը հավաստիացրեց, որ բողոքի ակցիաները շարունակվելու են, ինչպես նաև պետք է լինեն հանրային ճնշումներ՝ խորհրդարանական, պաշտոնական, բոլոր առումներով պետք է չթողնել, որ այս հարցն անտեսվի։

Արդյո՞ք այս իրավիճակում պատգամավորը դիվանագիտական ճանապարհով Լաչինի միջանցքի բացվելու հնարավորություն տեսնում է։

«Իհարկե տեսնում եմ, Լաչինի միջանցքի բացվելը տեղի կունենա այն ժամանակ, երբ Ադրբեջանը և Թուրքիան տեսնեն, որ դրան համապատասխան հակակշռելի իրավիճակ է առաջացել, համահայկական զորաշարժ է առաջացել, իսկ Հայաստանի դիրքորոշումն այսօր քաջալերում է Ադրբեջանին, որովհետև Հայաստանն, ըստ էության, համարում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, որտեղ խնդիրները պետք է վերահսկի Ռուսաստանը»,-խոսքն ամփոփեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ արդեն 36 օր է Ադրբեջանն ապօրինի կերպով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ, 1100 քաղաքացի, որից 270-ն՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով չունեն տուն վերադառնալու հնարավորություն։

Send