Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում այս պահին

Blog Image

Իշխանությունը շարունակում է թիրախավորել Հայ առաքելական եկեղեցուն։ Փաշինյանը երեկ հստակ հայտարարեց, որ պատրաստվում է անձամբ «ազատագրել» Մայր Աթոռը։ 

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե իրավապահները չորեքշաբթի օրը՝ այսօր, պատրաստվում են ներխուժել Մայր Աթոռ, այս անգամ Վեհափառին կալանավորելու համար։

Մասնավորապես, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր․ «Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։ Պարզապես կուզենայի՝ իմանայիք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը։ Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։ Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դուք է՛լ իմացեք»։

Իսկ այսօր  Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել է բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն ներխուժել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին.
«Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը:

Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին:
Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները:

Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները:
Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»,- գրել է նա:

Ի՞նչ է կատարվում այս պահին Մայր Աթոռում, արդյո՞ք ամենը հանգիստ է․ MediaHub-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

«Հանգիստ է, աշխատանքային։ Արտառոց ոչինչ տեղի չի ունենում»,– նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք, այս պահին երկու սրբազան հայրեր՝ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը ԱԱԾ մեկուսարանում են, նրանք կալանավորված են երկու ամիս ժամկետով: 

Իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որն էլ հենց հրահանգ է տալիս, թե ում ինչ մեղադրանքով կալանավորեն, ապա դատեն, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանին մեղադրում է 2025 թվականի հունիսի 21-ին «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ» հնչեցնելու մեջ, իսկ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։ 

Մարիաննա Արամյան

Send