Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Այն, ինչ չհաջողվեց ՀՀՇ-ին, կհաջողվի՞ ՔՊ-ին․ Փաշինյանն ուզում է կոտրել Դաշնակցությանը, վերացնել ասպարեզից

Blog Image

Հայաստանում աննախադեպ ռեպրեսիաների ալիք է սկսվել։ Ու հիմնականում այդ ալիքը տարածվում է Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկի՝ Դաշնակցության նկատմամբ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի թիրախում հատկապես Ռոբերտ Քոչարյանն է, նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքը, որի մաս է կազմում նաև Դաշնակցությունը, բայց զգացվում է, որ այս դաշինքից փաշինյանական ռեժիմը հատկապես չի սիրում դաշնակցականներին ու Դաշնակությանը՝ առհասարակ։ 

Այսօր այդ «սիրո» հերթական դրսևորումը տեղի ունեցավ՝ ԱԱԾ դիմակավորված անձինք վաղ առավոտյան ներխուժեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի տուն, բռնի ուժով առգրավեցին նրա հեռախոսն ու ձերբակալեցին Մանուկյանի որդուն, որը մեկ անգամ արդեն հասցրել է նստել դաշնակցականի որդի լինելու համար։

ՀՅԴ-ի սխալների մասին կարելի է անվերջ խոսել՝ սկսած 1918 թվականից և երիտթուրքերի հետ համագործակցությունից, որը հիմնականում խեղաթյուրված կերպով հաճախ շահարկում են այսօրվա երիտթուրքերի հետ իրական համագործակցող ուժի՝ ՔՊ-ի ներկայացուցիչները։ Շարունակելով անհաջող կամ ոչ փառավոր համագործակցությունների շղթան՝ կարելի է ՀՅԴ-ին երեսով տալ նաև Հայաստանի Երրորդ հանրապետության ժամանակաշրջանում իշխանություն հանդիսացող ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունն ու պարբերաբար այդ կոալիցիա մտնել-դուրս գալը։ Իսկ ամենաանփառունակը և նորանկախ Հայաստանում ՀՅԴ պատմության ամենաամոթալի էջերից մեկը, բնականաբար, նոր Հայաստանում երիտքպականների հետ կարճաժամկետ համագործակցությունն էր 2018-ին, որը իրոք չի կարելի ներել Դաշնակցությանը և ոչ միայն Դաշնակցությանը։  

Բայց նույն Դաշնակցության մասին կարելի է բազմաթիվ դրական փաստերով ևս խոսել ու հիշատակել՝ որպես «հազարամյա» կուսակցություն։ Ի վերջո, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրը հենց Դաշնակցությունն է՝ որպես քաղաքական ուժ, մեր պետության հիմնադիր հայրերը դաշնակցականներ են եղել, որոնք իրենց դաշնակցական ընկերների հետ հետագայում պայքարել են նաև բոլշևիզմի դեմ ու ենթարկվել հալածանքների, բռնաճնշումների։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսի և այլ ճակատամարտերում դաշնակցականներն են հաղթանակ տարել՝ կերտելով հայոց պետականությունը, Արցախյան գոյամարտի ամենաթեժ կետերում դաշնակցական մարտիկներն են կռվել և հարյուրներով զոհեր տվել, Քառօրյա, հետո նաև 44-օրյա պատերազմում դարձյալ ՀՅԴ-ն էր առաջին գծում, կուսակցություններից ՀՅԴ-ն է ամենաակտիվ մասնակցել պատերազմին ու ամենաշատ զոհերը տվել։

Հայաստանի պետականության, ինքնիշխանության և մեր հայրենիքի սահմանների համար, իր բոլոր սխալներով հանդերձ, երբեմն գուցե՝ անդառնալի կամ աններելի սխալներով հանդերձ, բայց էլի Դաշնակցությունն է պայքարել։ Ու ՀՅԴ-ին միշտ փորձել են լռեցնել, միշտ փորձել են փակել, կասեցնել ՀՅԴ գործունեությունը, ջնջել ՀՅԴ-ն քաղաքական ասպարեզից։ Դատելով ՀՅԴ-ի գործած սխալներից և ՀՅԴ-ի բերած օգուտներից՝  կարելի է երկու տեսակի ենթադրություն անել, որ եթե ՀՅԴ-ն չլիներ, գուցե մենք ավելի լավ Հայաստան ունենայինք որևէ փուլում, կամ եթե ՀՅԴ-ն չլիներ, գուցե ընդհանրապես Հայաստան անունով պետություն ու պետականություն չունենայինք։ Ո՞ր տեսակետն է ավելի խելամիտ և ճշմարտությանը մոտ, դժվար է ասել, հատկապես, որ մենք այս պահին փաստացի ունենք երկրորդ տարբերակը՝ ունենք ՀՅԴ և ունենք Հայաստան: Մնացյալ հարցերին պատմաբանները կպատասխանեն:

Մենք այսօր ստիպված ենք արձանագրել, որ 2025 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ» Նիկոլ Փաշինյանի «դեմոկրատական» ռեժիմի պայմաններում ՀՅԴ-ի հետ տեղի է ունենում նույնը, ինչ տեղի էր ունենում  90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի օրոք։ Այն ժամանակ ՀՀՇ-ն էր ընկել ՀՅԴ-ի հետևից ու բանտերը լցնելով՝ փորձում էր ճնշել դաշնակցականներին, ամեն գնով փակել ՀՅԴ-ն, վերացնել այս քաղաքական միավորը մեր իրականությունից, որը, սակայն, չհաջողվեց Տեր-Պետրոսյանին։ Հիմա էլ ՔՊ-ն է նույնը փորձում։ Այդ մասին անգամ բացահայտ, անթաքույց տեքստերով քանիցս հասկացրել են հենց ՔՊ-ականները։ Այս բոլոր գործողություններից ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը ՀՅԴ-ն իսպառ վերացնելն է քաղաքական դաշտից, դաշնակցականներին կոտրելն ու խեղճացնելը, որ նրանք այլևս չպայքարեն կամ չցանկանան պայքարել որևէ բանի համար, հատկապես՝ մեր երկրի ու հայրենիքի։ Իսկ առանց Դաշնակցության, համաձայնեք, այդ պայքարը հաստատ լավ չի ստացվի՝ ՀՅԴ-ի ունեցած բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ:

Վահե Մակարյան

Send