Իրանը, ենթադրաբար, երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս պնդումը ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Անգլերենով տեսաուղերձում նա շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա և ԱՄՆ զինված ուժերին, որոնք նշում են իրենց ստեղծման 250-ամյակը։
Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում Իսրայելը «պաշտպանում է ազատությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»։
«Այս պահին իրանական ռեժիմը ռմբակոծում է մեր խաղաղ տարածքները, մինչդեռ մենք հարձակվում ենք ահաբեկիչների վրա։ Սա նորություն չէ։ Նրանք երկու անգամ փորձել են սպանել նախագահ Թրամփին։ Նրանք ռմբակոծել են ամերիկյան դեսպանատները։ Նրանք սպանել են 241 [ամերիկյան] ծովային հետևակի Բեյրութում [1983 թվականին]։ Նրանք սպանել և վիրավորել են հազարավոր ամերիկացիների իրենց ինքնաշեն պայթուցիկ սարքերով Իրաքում և Աֆղանստանում։ Նրանք այրում են ամերիկյան դրոշը, անվերջ վանկարկում են. «Մահ Ամերիկային»», - պնդել է Նեթանյահուն։