Փաշինյանի համար իշխանությունն այդպես էլ մնաց ընդամենը պետության հաշվին կուշտ փորով հաց ուտելու, արտաքին խաղացողների ձեռքում ստորանալու ու ցանկացած գործարքի գնալու, առանց շահեկան դիրքերի ինքնահաստատվելու, սեփական կապրիզները բավարարելու, ընտանյոք հանդերձ ճոխ ապրելու, հարյուրավոր թիկնապահներով այստեղ-այնտեղ թրեւ գալու, անընդհատ հարստանալու եւ իր անվտանգությունն ապահովելու նպատակ, ուրիշ ոչինչ։
Իսկ ՀՀ պետությունն ու ՀՀ հասարակությունը փաստացի պատանդ են դարձել այս ազգակործանի ձեւավորած պատանդապետության ձեռքում։ Վաշինգտոնում կապիտուլյանտը մի անկարեւոր թղթի վրա «խաղաղություն» կկնքի, ու ժողովրդին կհրամցնի, կհամոզի, որ այլեւս անվտանգ եք ու այդ «անվտանգության-խաղաղության» անվան տակ էլ կգնա 2026 թ-֊ի խորհրդարանական ընտրությունների։ Բայց այս ամենի ետևում գլխավորն է՝ «Զանգեզուրի միջանցքը» կապիտուլյանտը կհանձնի ԱՄՆ-ին 99 տարով, այսինքն՝ ընդմիշտ, իսկ դա նշանակում է, որ այն կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի սեփականությունը` ընդմիշտ։
Թրամփի անվան «միջացքը» հաստատում է մի բան, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Կովկասը իր ձեռքն առնելու նպատակով։ Մեր երկիրը Փաշինյանի թեթեւ ձեռքով դառնում է վիլայեթ։ ԱԺ մեծաքանակ ընդդիմությունից էլ խեր-խաբար չկա, որոնց համար իմպիչմետը անլուրջ էր, և հիմա իրենք շատ-շատ «լուրջ» գործերով են զբաղված, հանդարտ ու անվրդով են... բայց չմոռանանք, որ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, եւ այն աղետները, որ Փաշինյանը բերել է մեր երկրի գլխին, դրանց համար ամբողջապես պատասխանատվությունը եւ մասնակցությունը կիսելու է նաև խորհրդարանի ընդդիմությունը։
Քաղաքական հետապնդումները շարունակվում են, եւ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը մնում է ՀՀ իշխանությունը զավթած վարչապետ։ Եվ ոչինչ պատահական չէ, ամեն ինչ կանխամտածված է։ Երկու բռնապետ՝ Փաշինյան-Ալիեւ դուետը մեր երկիրը վերածում են Արեւմտյան Ադրբեջանի, Բաքվի անմիջական պահանջով, անունը կնքում «խաղաղություն», իսկ Բաքվի բանտերում Ալիեւը վրեժ է լուծում մեր հայրենակիցներից, ապօրինաբար բանտերում պահելով, խոշտանգելով մեր հայրենակիցներին: Փաշինյանն էլ այստեղ, մեր հայրենիքում է մեր հայրենակիցներին պահում անազատության մեջ։
Վաշինգտոնին ընդառաջ պարզ է ու աներկբա՝ ոչ մի պահանջ չկա՝ ո՛չ մեր տարածքային ամբողջականության, ո՛չ մեր գերիների վերադարձի, ո՛չ Արցախի Հանրապետության բնակչության վերադարձի, հետագա ճակատագրի, մեր սուվերեն տարածքներից ադրբեջանական կողմի դուրս բերման, Սյունիքի վրա ամենօրյա ռեժիմով կրակ բացելու եւ Ադրբեջանի սպառնալիքների նպատակը կանխելու եւ այլնի մասին: Բայց քանի որ խաղաղություն բառը ականջահաճո է, Փաշինյանը հենց այդ մտքով էլ գնում է «խաղաղության»՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով:
Արթուր Հայրապետյան