Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բյուրականի դպրոցում գործադուլ է․ Արագածոտնի մարզպետը ազատել է տնօրենին, հետո դատարանի որոշմամբ վերականգնել, 2 օրից նորից ազատել

Blog Image

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում այս պահին գործադուլ է։ Ուսուցչական անձնակազմը որոշել է բոյկոտել և չաշխատել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացված Լուսինե Մկրտչյանի, որը Բյուրականի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Զարզանդ Բաբայանի կինն է։ 

Նա 2018 թվականին է նշանակվել դպրոցի տնօրեն և մինչև 2027 թվականը դեռ պիտի պաշտոնավարեր։ Դպրոցի թե՛ աշակերտները, թե՛ ամբողջ կոլեկտիվը, ասացին, շատ գոհ են Լուսինե Մկրտչյանից, միայն Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանն է դժգոհ, որը մեկուկես տարի առաջ՝ 2024 թ․ հունվարից սկսած, երկու անգամ ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններով  նկատողություն է տվել Մկրտչյանին և դրա հիման վրա նրան ազատել զբաղեցրած պաշտոնից։

Մկրտչյանը բողոքարկել է մարզպետի հրամանը, հաղթել Առաջին ատյանի դատարանում, ապա՝ Վերաքննիչ դատարանում, որից հետո Հարկադիր կատարման ծառայությունը պարտավորեցրել է Սերգեյ Մովսիսյանին, որ վերականգնի Լուսինե Մկրտչյանին իր պաշտոնում։ Մարզպետը կատարել է դատարանի պահանջը՝ վերականգնել է Մկրտչյանին տնօրենի պաշտոնում, բայց երկու օր անց նորից ազատել է աշխատանքից՝ նրա փոխարեն դպրոցի տարրական դասարանի դասվարներից մեկին նշանակելով տնօրեն։ 

Դպրոցի ուսուցիչներից Մոնա Քոչարյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօրվանից՝ օգոստոսի 26-ից, իրենք գործադուլի մեջ են, քանի որ բողոքում են դպրոցի տնօրենի անօրինական ազատման դեմ։

«Դպրոցի ուսուցչական անձնակազմը բազմիցս դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարությանը, և՛ վարչապետին, առաջին իսկ հնարավորության դեպքում նաև մարզպետին ենք դիմել, մարզպետը մեզ խոստացել է, թե՝ «եթե մտածում եք, որ անօրինական է եղել իմ կողմից ազատումը, եթե դատական ակտը շահեց ձեր տնօրենը, թեկուզ առաջինը, ես խոստանում եմ չխոչընդոտել, և ձեր տնօրենը կվերականգնվի աշխատանքի»։ Սակայն առաջին դատը շահելուց հետո պարոն Սերգեյ Մովսիսյանը բողոքարկեց Վերաքննիչ դատարան, այստեղ նորից մեր տնօրենը դատը շահեց, և երկրորդ անգամ շահելուց հետո Հարկադիրն ուղարկում է իր որոշումը, և Մովսիսյանը Լուսինե Մկրտչյանին նշանակում է տնօրեն, բայց դրանից երկու օր հետո նորից տալիս է ազատման հրաման՝ հիմք համարելով իր նախկին որոշումը։ Սակայն նշեմ, որ այդ ազատման որոշումն արդեն իր վաղեմության ժամկետը կորցրած է լինում»,- ասաց Մոնա Քոչարյանը՝ նշելով, որ առաջին նկատողությունը մարզպետը տվել է 2024 թվականի հունվարին, երկրորդը՝ մայիսին, որից հետո արդեն ազատել է աշխատանքից։

-Իսկ ինչի՞ հիման վրա է մարզպետը տնօրենին նկատողություն հայտարարել։

-Ընդամենը հինգ րոպե շուտ դուրս գալու համար, այն էլ՝ մեր տնօրենը այդ պահին եղել է այն աշակերտի տանը, որը ֆիզկուլտուրայի ժամին ընկել էր, տուն էին տարել, տնօրենն էլ ժամը 5-ից տասը րոպե շուտ էր դուրս եկել, որ գնա տվյալ աշակերտի տուն, որ տեսնի՝ երեխան ինչպես է։ Երբ մարզպետարանից ներկայացուցիչը եկել է դպրոց, դպրոցում եղել է ուսուցիչ, որն ասել է, որ տնօրենը գնացել է ընկած երեխային տեսակցության։ Դա եղել է պատրվակ, որպեսզի տնօրենին ազատեն աշխատանքից։ Բայց սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ համոզմունքն է, որ դրանք ուղղակի անձնական նկրտումներ են, ուրիշ ոչ մի բան։

-Իսկ այդ անձնականի տակ ի՞նչ է թաքնված, ինչ-որ անձնական խնդիրնե՞ր են ունեցել մարզպետն ու տնօրենը իրար հետ, թե՞ քաղաքական ենթատեքստ կա դրա տակ։

-Այո, քաղաքական ենթատեքստ կա, քանի որ մեր տնօրենի ամուսինը ՀՀԿ անդամ է, նախկինում Բյուրականի գյուղապետն է եղել, և կարծում ենք՝ դա է պատճառը։ 

-Իսկ ուսուցչական անձնակազմը, նաև աշակերտները, նրանց ծնողները գո՞հ են տնօրենից, ուզո՞ւմ են, որ ինքը մնա։

-Շատ գոհ են։ Դուք կարող եք գալ հարցում կատարել մեր տնօրենի մասին, և Ձեր կարծիքը ավելի ստույգ իմանալ։ Որևիցե մի աշակերտ, որևիցե մի ծնող դժգոհություն չունի, ուսուցչական կազմը՝ նույնպես։

-Իսկ փոխարինող անձ ունե՞ն, որ ուզում են Լուսինե Մկրտչյանի փոխարեն նշանակել։

-Այո, արդեն նշանակել են, մենք այդ փոխարինող անձի դեմ էլ ոչինչ չունենք։ Էլի մեր կոլեկտիվի անդամներից է՝ Վարսիկ Վարդանյան, տարրական դասարանի դասվար է։

-Իսկ իր կողմնակիցներ կա՞ն ձեր կոլեկտիվում, որ ասում են՝ եկեք թողնենք, թող Վարսիկն աշխատի։

-Ոչ թե կողմնակիցներ, այլ ուղղակի․․․ դե, կոլեկտիվի անդամ ենք, մենք ինքներս էլ չենք բողոքում, թե ինչի համար է բերել կոլեկտիվի մյուս անդամին նշանակել տնօրեն, պարզապես մենք ուզում ենք արդարության վերականգնում, մեզ համար խնդիր չէ տնօրենն այսօր։ Ինքը դեռ երկու տարի ուներ պաշտոնավարելու՝ մինչև 2027 թվականը, և մեր պահանջն էր ընդամենը, որ թող լրանար այդ երկու տարին, ինքը դուրս կգա, իր փոխարեն ով կուզենա, թող գա, մենք խնդիր չունենք։

-Կարո՞ղ է այս նախընտրական շրջանում ուզում են իրենց մարդկանցով համալրել դպրոցները։

-Դե, այսինքն, բոլորիս պա՞րզ չէ։

-Իսկ Ձեր նշած Վարսիկ Վարդանյանը կապ ունի՞ ՔՊ-ի կամ իշխանական շրջանակների հետ։ 

-Գիտե՞ք, ես միշտ մտածել եմ, որ ովքեր իրենց համաձայնությունը տալիս են ներկա իշխանության աթոռին նստելու, բնականաբար, արդեն այդ կողմի վրա են՝ անկախ նրանից, թե իրենք օրինակա՞ն ՔՊ են, ստորագրությա՞մբ, թե՞ ներքին կարգով են ՔՊ, առաջ Հանրապետական էին, կամ կիսով չափ դաշնակ էին, կան մարդիկ, որոնց հետաքրքիր չէ իրենց կուսակցությունը, պարզապես՝ կարողանան աթոռին նստել։ Հիմա ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ էդ մարդը, ով նստել է այդ աթոռին, ՔՊ է, թե ՀՀԿ է։ Եթե այսօր համաձայնություն ես տալիս նստել այդ աթոռին, ուրեմն դու ներկա իշպանությունից ես, այլապես դու չես էլ կարող նստել։

Հ․Գ․ Մենք զրուցել ենք նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, որը բերեց իր բացատրությունն ու արդարացումները, թե ինչու է ազատել Լուսինե Մկրտչյանին տնօրենի պաշտոնից, հետո ինչու է վերականգնել ու երկու օր անց նորից ազատել։ Նրա մեկնաբանությունն էլ կներկայացնենք քիչ անց՝ առանձին հոդվածով։

Վահե Մակարյան

Send