Արխիվային լուսանկար
Mediahub-ին ահազանգում են, որ Երևանի մի քանի կանգառներում տեղադրված երթուղու ուղղությունները ցուցադրող ժամատախտակները շփոթություն են առաջացնում քաղաքացիների մոտ։ Շատ քաղաքացիների համար անհասկանալի է, թե իրականում ինչ է ցույց տալիս տվյալ ժամատախտակը, քանի որ այն շատ հաճախ իրականությանը չի համապատասխանում։
«Օրինակ՝ Օպերայից Տաշիր ցույց էր տալիս համարյա մեկ ժամ, բայց էդքան հաստատ չի տևում, հատկապես եթե խցանում չկա, իսկ այդ ժամանակ հաստատ խցանում չկար»,– մեզ հետ զրույցում նշեց քաղաքացին։
Mediahub-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից փորձեց պարզել, թե ո՞րն է նման խնդրի պատճառը։ Վերջինս պատասխանեց՝ տվյալները Յանդեքս հարթակից փոխկապակցման միջոցով են ստացվում։
Նա նշեց, որ ժամատախտակները փորձնական 6 տեղում է տեղադրված. դրանք են՝ Օպերա՝ ինֆոկենտրոնի կողքին, Օպերա՝ ինֆոկենտրոնի դիմացի մայթ՝ Բաղրամյանից եկող հատվածում, Մաշտոցի պողոտա՝ Կոնսերվատորիայի դիմաց, Կոմիտասի այգի, Մաշտոցի պողոտա՝ Կոնսերվատորիայի դիմացի մայթում, Մաշտոցի պողոտա՝ KFC-ի դիմաց և Հանրապետության Հրապարակի ժամացույց՝ Նալբանդյան փողոցում։
Էմմա Մարտիրոսյան