Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՍՊՈՐՏ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերը վաճառվում են 50.000, 70.000 դրամով. իսկական «սև շուկա»

Blog Image

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20։00-ին տեղի կունենա Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային խաղը։ Երկու օր առաջ մեկնարկեց սպասվող խաղի տոմսերի վաճառքը, սակայն վաճառքի մեկնարկից ընդամենը մեկ ժամ անց ՀՖՖ-ի կայքը դադարեց աշխատել: Մինչ այդ պահն արդեն 2500 տոմս էր վաճառվել։  Նույն օրը երեկոյան կայքին ժամերով հետևող ֆուտբոլասերները, որոնք, իբրև, հերթի մեջ էին, տեղեկացան, որ տոմսերը վաճառվել են, թեև կայք մտնել ժամեր շարունակ ուղղակի անհնարին էր:

Իսկ երեկվանից մուտք գործելով ՀՖՖ-ի պաշտոնական էջ,  տեղեկանում ենք, որ Հայաստան-Պորտուգալիս խաղի տոմսերը սպառված են։ 

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել ընթերցողներից, թե ֆուտբոլասերները մի քանի ժամ սպասել են իրենց հերթին, որ տոմս գնեն, սակայն դա այդպես էլ չի հաջողվել, բայց փոխարենը հաջողվել է «սպեկուլյանտներին», որոնք էլ այժմ համացանցում շուրջ տասն  անգամ ավելի թանկ գնով դրանք վաճառում են։

«Տղաս մի տարի է այդ խաղին է սպասել, վերջին մեկ ու կես ամիսը ժամը մեկ մտել ենք կայք, որ հանկարծ բաց չթողնենք տոմս գնելու շանսը։ Այդ օրը 12 ժամ գրեթե կայքում «նստել», մեր հերթին ենք սպասել, մեկ էլ գրեցին, որ տոմսերը վաճառվել են։ Վերավաճառողներն էլ 1000 դրամանոց տոմսը հիմա 50.000 դրամով են վաճառում List.am-ում: Սա ուղղակի անմարդկային գին է՝ դա մեկ, հետն էլ վտանգ կա, որ կեղծ QR-ով տոմս ուղարկեն»,– նշեց մեզ ահազանգած քաղաքացին։

Նշված կայքում իսկապես «սև շուկայի» կանոններ են: Այդպես, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստան–Պորտուգալիա տոմսերը վաճառվում են 50.000, անգամ 70.000 դրամով, այսինքն՝  1000 դրամով ձեռք բերված տոմսը վաճառում են 50–70 անգամ թանկ։ 

Նշենք, որ ՀՖՖ–ի պաշտոնական էջում գալիք հանդիպման ամենաթանկ տոմսի արժեքը 20 000 դրամ է եղել։ Տոմսերի արժեքները եղել են հետևյալը՝ Արևելյան տրիբունա՝ 5000-14000 հազար դրամ, Արևմտյան տրիբունա՝ 14000-20 000 հազար դրամ, Հարավային և հյուսիսային տրինունաներ՝ 1000-4000 հազար դրամ։

Նկատենք, որ Հայաստան–Պորտուգալիա խաղի շուրջ բավականին մեծ է հետաքրքրությունը՝ հասկանալի պատճառներով, քանզի Երևան է ժամանելու ֆուտբոլի գերաստղ Ռոնալդոն: Բացի այդ, տոմսերի վաճառքը բավականին ուշ մեկնարկեց, խաղից ընդամենը հաշված շաբաթներ առաջ, իսկ վերջին ամիսների համացանցում կեղծ տոմսեր էին վաճառվում: Ինչպես նաև մտավախություն կա խաղի անցկացման հետ կապված, քանի որ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո մարզադաշտի խոտածածկը լուրջ վնասվել է: MediaHub–ին ՀՖՖ–ից այս հարցի կապակցությամբ հավաստիացրել էին․ «Սա ամբողջ աշխարհում տարածված, նորմալ գործընթաց է՝ մեծածավալ միջոցառումներից հետո մարզադաշտերի խոտածածկն անցնում է վերականգնողական փուլ։ Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո մեր մասնագետներն անմիջապես սկսել են նախատեսված աշխատանքները՝ խոտածածկը որակապես առավել լավ վիճակի բերելու համար»։

Նաև փոխանցել էին, որ առկա ժամկետները լիովին բավարար են մարզադաշտի խոտածածկը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանեցնելու համար։ 

Եվ այսպես, ՀՖՖ-ին հաջողվեց հերթական անգամ այնպես անել, որ հայ ֆուտբոլասերները նրանցից դժգոհ մնան…

Մարիաննա Արամյան

Send