Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Մայր Աթոռ, մինչև ե՞րբ պիտի լռեք. ձեր վախերը ձեր դեմ են աշխատում ու տանում վերջնական ոչնչացման

Blog Image

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հակաեկեղեցական գաստրոլները, ինչպես հասկանում ենք, դեռ նոր են սկսվում: Եթե նախկինում նրանք եկեղեցու դերը  ժամանակ առ ժամանակ էին փորձում նսեմացնել ու եկեղեցու դեմ պայքար էին մղում հատվածական, ապա հիմա, ըստ ամենայնի, գործ ունենք լուրջ ծրագրված հարձակման հետ, որի հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել ու հեռուն տանել:

Բայց նախ՝ մի քանի քայլ հետ գնանք: Շուրջ տաս օր առաջ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես էր եկել հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված ատելությամբ և պատմական փաստերի խեղաթյուրումներով։ Ստիպված ենք մեջբերել՝ պատճառահետևանքային կապը ավելի վառ պատկերացնելու համար:

Եվ այսպես։ «Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին, և իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեին: Հայերը քրիստոնեության պատմության մասին կեղծ նկատառումներով ներկայանում են որպես բացառիկ համայնք՝ աշխարհի առաջին քրիստոնյաներ։ Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ ՌԴ-ում՝ Նոր Նախիջևանի թեմը։ Հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը «Պատմական մեծ Հայաստան» հայկական ուտոպիան աջակցելն էր։ .... Հայ եկեղեցին ունի նենգ մտադրություն՝ այս կամ այն կերպ շարունակել իր գոյությունը մեր պատմական հողերի վրա: Սա մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք հարևան են Հայաստանին»,- ասել էր Փաշազադեն:

Նա այլ հայտարարություններ էլ է արել, և ահա ընդամենը հաշված օրեր անց նույն արմատով սկսվող, բայց, ցավոք, ազգությամբ հայ Փաշինյանը շարունակեց այս գիծը և անթույլատրելիության բոլոր սահմանները հատելով՝ թիրախավորեց Հայ առաքելական եկեղեցին ու բոլոր հոգևորականներին: Ընդ որում, արեց դա հատուկ ընտրված օր՝ Համբարձման տոնին. նախ, կառավարության նիստին «չուլանների» վերածված եկեղեցիների մասին խոսելով, նսեմացնելով Խաչը, թե՝ «մի հատ էլ Խաչ համալիրի գլխին դրեք» արտահայտությամբ, այսօր էլ, ըստ երևույթին վրդովվելով հոգևոր հայրերի արձագանքից, շարունակեց հոխորտալ արդեն ֆեյսբուքյան էջում՝ մտնելով ենթադրյալ եկեղեցականների ենթադրյալ քեռակնոջ անկողին, փորձելով կուսակրոնության դասեր տալ, սպառնալ և այլն:

Երեկվանից անհատ հոգևորականներ, սրբազաններ արձագանքում են Փաշինյանին, սակայն Մայր Աթոռի պաշտոնական տեսակետն ու դիրքորոշումը չկա: MediaHub-ն անձամբ երկու անգամ կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, սակայն որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն առ այս պահը չենք ստացել: Այլ կերպ ասած, մինչ քաղաքական դաշտը, լրագրողներն ու շարքային քաղաքացիները վրդովմունքից եռում են, փորձում համարժեք պատասխաններ ու արձագանք հասցեագրել Նիկոլ-Աննա զույգին, որոնք հերթական անգամ աշխարհին ցույց տվեցին, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարն ու իր ընտանիքը, Մայր Աթոռը փակվել է ու լուռ է:

Այո՛, սրբազաններ խոսել են, քահանաներ խոսել են, բայց պետք է հստակ հնչի այն տեսակետը, որը կընկալվի որպես կաթողիկոս Գարեգին Երկրորդի դիրքորոշում ու տեսակետ: Անգամ եթե ինքը հենց այս պահին երկրում չէ, այն պետք է հնչի՛: Այլ տարբերակ չկա՛: Հակառակը նշանակում է լուռ համաձայնել, որ ինչ ասում է Նիկոլը կամ նրա կողակիցը հեռու չէ իրականությունից, նշանակում է համաձայնել, որ քո դեմ կեղտոտ մեթոդներով պատերազմ են հայտարարել ու դու ո՛չ պաշտպանվում ես, ո՛չ էլ հակադարձում, այլ խեղճացած գլուխդ կախում ու ուղղակի հնարավորինս ժամանակ ձգում մինչև անդառնալին վրա հասնի ու տապալի:
Քաղաքական դաշտը, հանրությունը պահանջում է եկեղեցուց՝ համարժեք պատասխան տվե՛ք, քայլեր ձեռնարկե՛ք: Մի՛ լռեք, ի սեր Աստծո, սա այդ դեպքը չէ. այլևս ձեր վախերը ձեր դեմ են աշխատում ու տանում վերջնական ոչնչացման:

Լիա Խոջոյան

Send