«Հրապարակ» թերթը գրում է.
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ:
Քանի որ իշխանությունն Էջմիածնում նորմալ թեկնածու չուներ, որոշեցին համայնքը կրկին խոշորացնել` միավորելով Խոյի հետ, այն հույսով, որ խոյեցիները կքվեարկեն իրենց նախկին համայնքապետի օգտին:
Սակայն Մեխակյանը կարծես չի արդարացնում այդ հույսերը։ Ասում են՝ Փաշինյանը Մեխակյանին հանձնարարել է Վեհափառի դեմ մարդ հավաքագրել Արմավիրից, սակայն որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ անզոր է կատարել շեֆի կամքը, զեկուցել է եւ լուտանքների արժանացել։
Մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու, եթե լավ պատրաստվեն։ Առաջադրվելու մտադրություն ունի Սեւակ Խաչատրյանը (հայտնի Սաքուլիկը), որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է:
Նա նաեւ Ռ․ Քոչարյանի որդու մտերիմներից է եւ անցած տարի ընկերների հետ հիմնած «Առաջ» կուսակցությամբ է առաջադրվելու: Հնարավոր է ՀՅԴ-ի հետ դաշինք կազմեն։
«Հայաքվեն» է ուզում մասնակցել, թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: Մասնակցելու է նաեւ Վանեցյանի «Հայրենիքը», ՀՀԿ-ն դեռ չի որոշել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», նույն ինքը՝ «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դասարանների դասագրքեր «դեռ պիտի ունենանք», իսկ ուսումնական տարվա մեկնարկին մնացել է 3 օր։
Հայտարարված մրցույթներում ներկայացվել են ստանդարտներին չհամապատասխանող գրքեր։ Չեն լինի նաև 11-րդ դասարանի բնագիտություն առարկայի դասագրքեր, որը նոր առարկա է։
Ստացվում է, որ նախարարը, ով սեփական բացթողումները թաքցնելու համար աջուձախ վիրավորում է լրագրողներին՝ միայն թե հարցերից խույս տա, ստեղծել է առարկա, բայց այդ առարկայի համար դասագիրք չկա, որ դասավանդեն: Ասել, թե ծիծաղելի է, կնշանակի ոչինչ չասել։
Նախարարը հույս է հայտնում, որ գուցե է հաջորդ կիսամյակ լինեն այս երեք առարկաների համար նախատեսված դասագրքերը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս «գուցե լինեն»-ով շարժվեց նախարարը, և ամիսներ շարունակ աշակերտները դպրոց գնացին առանց գրքերի:
Իսկ ի՞նչ է թղթապանակը
«Ուսումնական թղթապանակը իրենից ներկայացնում է առարկային համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք պետք են այդ թեման ուսումնասիրելու համար։ Դրանք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու ինչպես դա անել», – նշել է Անդրեասյանը։
Ընդգծենք, որ «թղթապանակը» դեռ չի նշանակում դասագիրք։
Այսինքն՝ ավագ դասարաններում Հայոց պատմությունից աշակերտները սովորելու են ոչինչ։
Նախարարի արդարացումն այն է, որ ստեղծված 220 նոր գրքից հետո ձախողումները, վրիպակները այն պատճառով են, որ մինչ այս, 15 տարի դասագրքերի բովանդակային փոփոխություն չի եղել։
Մասնագետի աչքերով՝ սա անմիտ արդարացում է։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարին հայտնեց, որ ձեռքի տակ լուսանկարներ կան 9–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքից, որտեղ շատ տպավորիչ կերպով ներկայացված է «թավշյա հեղափոխությունը», որի վերաբերյալ առաջադրանք կա. աշակերտներին առաջարկվում է ընկերների հետ կազմակերպել քննարկում, պատճառների բացահայտում…։
«Այս դեպքում, արդյո՞ք կուսակցական քարոզ չի դառնում այդ մասը», – հարցրեց մեր լրագրողը։
Նախարարը կոպիտ ձևով հերքեց ու խորհուրդ տվեց վերհիշել մինչև 2018 թվականը Հայաստանի դպրոցներում տիրող իրավիճակը, երբ բոլոր տնօրենները «թաթախված էին քաղաքականության մեջ»։
Նախարարը վրդովվեց, կարմրեց, բարկացավ հարցերից, սակայն պետք է հիշի, որ նախարարության ձախողումը գռեհիկ խոսքով չի կարող թաքցնել:
Ի վերջո, իր ամուսինն էլ լրագրող է, և լրագրողը երբեք մեղավոր չէ չինովնիկների ձախողումների համար. նրանք միայն արձանագրում են իրողությունը»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ իշխանությունը գործնականում փորձում է քպացնել ՀԷՑ-ը՝ հնարավոր ընտրություններին ընդառաջ: Այսինքն, գործ ունենք զուտ քաղաքական գործընթացի հետ, որն ունենալու է ծանրագույն հետևանքներ ոչ միայն ՀԷՑ-ի, այլև ընդհանրապես երկրի էներգետիկ անվտանգության համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի՝ երեկվա ասուլ իսում բարձրաձայնված տվյալները ուղղակիորեն գալիս են հաստատելու մեր նշածը: Այսպես. ՀԷՑ-ից մոտ 45-50 աշխատակից է հեռացվել այս ընթացքում: Հարկավ, կարող է թվալ, որ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների շարքում դա առանձնապես մեծ թիվ չէ: Բայց, ինչպես ասուլիսում նշվեց, խոսքը հիմնականում ՀԷՑ ենթակառուցվածքի տարբեր օղակների ղեկավարների մասին է: Իսկ եթե հաշվի առնենք, որ նրանց փոխարեն նշանակվել են անձինք, որոնց մասնագիտական միակ «արժանիքը» քպական լինելն է, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչ է կատարվելու երկրի էներգետիկ անվտանգության ու էնեգամատակարարման համակարգում առանցքային այս ընկերության հետ ոչ հեռու ապագայում, եթե իշխանություններին հաջողվի այս տեմպերով շարունակել:
Ավելին, նշվեց, որ շատ դեպքերում մարդիկ աշխատանքից ազատվել են ճնշումների ազդեցության տակ, կամ ասվել է, որ նրանց հեռացնում են, որովհետև «այլ քաղաքական հայացքներ ունեն»: Ու դժվար է չհամաձայնել Ղազինյանի դիտակմանը, որ «գլխատելով ՀԷՑ-ը՝ բերում են քպականների կամ քպամերձ անձանց, պարտված թեկնածուների», այդպիսով՝ նպատակ չեն հետապնդում բարելավել ՀԷՑ-ի աշխատանքը:
Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն առաջին անգամ միայն անցյալ տարի՝ 2024-ին է դիվիդենտներ ստացել ընկերության գործունեությունից: «Ութ տարի որևէ դրամ չի վերցրել իր շահույթից։ Այս պահին Սամվել Կարապետյանը 70 միլիարդ դրամ շահաբաժին ունի ստանալու։ Ի՞նչն էր խանգարում նրան իր շահույթը վերցնել։ Ընդամենը ՀԷՑ-ը սնանկանալու էր»,-ասում է Ղազինյանը։ Մյուս կողմից՝ նա շարունակաբար, իր միջոցների, իր շահույթի հաշվին տարեկան 150 մլն դրամ լրացուցիչ միջոցներ տրամադրելով՝ որոշակի նիշի վրա է պահել ՀԷՑ-ի հատկապես ցածր ու միջին օղակների աշխատողների վարձատրությունը:
Ի՞նչ ունենք «չոր մնացորդում»: Իսկ ունենք այն, որ ևս մեկ անգամ համոզվում ենք՝ Նիկոլ Փաշինյանը, իր նեղ քաղաքական, նաև անձնական շահերն ու քմահաճույքները բավարարելու համար խաղում է ոչ միայն 6800 աշխատող ունեցող խոշոր ընկերության ճակատագրի, այլև մի ամբողջ երկրի էներգետիկ անվտանգության հետ: Իսկ այն, որ այդ քաղաքական քմահաճույքների համար տուժելու է նաև երկրի բյուջեն, երկիրն ընդհանրապես, արդեն առանձին քննարկման թեմա է...